Արժանապատիվ դպրոց ունենալու՝ Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցի սաների և մանկավարժների երազանքն իրականացավ: Հոգևոր մայրաքաղաքի ամենահին կրթօջախներից մեկը, որի բոլոր 4 մասնաշենքերը 3-րդ և 4-րդ կարգի վթարային էին, կարելի է ասել՝ կառուցել են զրոյից: Դպրոցի վերաբացմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կրթօջախի շինարարությունն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, Կրթական ծրագրերի կենտրոնի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով: Սա այս ծրագրի 2-րդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է: 5-րդ ավագ դպրոցի շինարարությունը երկու տարի տևեց: Այդ ընթացքում պարապմումքներն անցկացնում էին քաղաքի այլ կրթօջախում: Անճանաչելիորեն փոխված դպրոցը զարմացրել է հնգերորդցիներին:
Կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց: Մեծ ու լուսավոր են միջանցքը, դասարանները, գրադարանը, հանդիսությունների սրահը, որի կարիքը շատ ունեին: Օդի ու ջրի պես նաև մարզադաշտ էր պետք, քանի որ Ֆիզկուլտուրայի դասերը միջանցքներում էին անում, իսկ ստուգարքները ստանում էին քաղաքային մարզադպրոցում: Հաճելի նորություն են լաբորատորիաները, որտեղ ջրի ծորակներն ուղղակի սեղանների վրա են կամ ներկառուցված պահարանների մեջ: Նոր պայմաններում փորձերն ու դասն ավելի արդյունավետ են:
Դպրոցը համալրվել է նոր գույքով ու տեխնիկական միջոցներով: Դրանց մի մասը ձեռք են բերել «Ապավեն դպրոց» ծրագրով: Այստեղ արվում է հնարավորը՝ աշակերտների մասնագիտական կողմնորոշում ձևավորելու, ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու համար: Այստեղ սովորեցնում են սովորել, մտածել, վերլուծել, այստեղ լավ մասնագետ դառնալու հիմքն է դրվում:
Ռոբերտ Ավանեսյան (ֆիզիկայի ուսուցիչ) - Մեզ պետք են լավ ֆիզիկոսներ, ինժեներներ, որ կարողանան զարգացնել արդյունաբերությունը, ռազմարդյունաբերությունը:
Պայմաններ են ստեղծել նաև ներառական կրթության սաների համար: Շենքի ներսում ու դրսում տեղաշարժվելն այլևս խնդիր չէ:
Արարատյան բակալավրիատի հավաստագրված դպրոցում բարձրակարգ ու պատրաստված են նաև ուսուցիչները: Մասնագիտական զարգացման ուղղությամբ աշխատանքներն անընդմեջ են:
«Ծառատունկ Հայաստան» ծրագրով էլ կանաչապատել ու բարեկարգել են տարածքը: Մինչև գարուն ոռոգման համակարգ էլ կանցկացնեն, որ նորատունկ ծառերը չչորանան: