Եվրոպական հանձնաժողովը 35 մլն եվրոյի համաձայնագիր է ստորագրել լեհական զարգացման բանկի հետ՝ Արևելյան գործընկերության երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացում ԵՄ անդամ պետություններին օժանդակելու նպատակով։ Եվրոպական հանձնաժողովը Լեհաստանի հետ մշակել է նորարարական մեխանիզմ, որը թույլ կտա մեծացնել պատվաստանյութերի համահավասար հասանելիությունն Արևելյան գործընկերության երկրների շրջանում։ Այս մեխանիզմի շրջանակում նախատեսված առաջին առաքումը Հայաստան կիրականացվի առաջիկա շաբաթների ընթացքում՝ Պորտուգալիայից։
*****
Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ստեֆան Շեննախը և Ռիչարդ Բեկոնը լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության բանտարկված ակտիվիստ Սալեհ Ռուստամովի առողջական վիճակի հետ կապված, որը հացադուլ է հայտարարել։ «Ռուստամովի գործը Ադրբեջանում դատական իշխանության անկախության բացակայության բազմաթիվ օրինակներից մեկն է», - ասված է համազեկուցողների հայտարարության մեջ։ Ռուստամովի գործի վերաբերյալ իր մտահագությունն է հայտնել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ Ադրբեջանի իշխանություններին հորդորելով մարդասիրական նկատառումներով հնարավորինս արագ ազատ արձակել Ռուստամովին, որպեսզի նա համապատասխան բուժօգնություն ստանա։ Իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Սալեհ Ռուստամովը 38 օր առաջ հացադուլ է սկսել՝ այդ կերպ բողոքելով իր նկատմամաբ շինծու դատական գործի դեմ:
*****
Թուրքիայում գնաճի և թուրքական լիրայի անկման ֆոնին խոշորագույն արհմիությունների նախաձեռնությամբ Ստամբուլի ասիական հատվածում ավելի քան 5000 մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել: Ցուցարարները պահանջել են բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Թուրքիայում տնտեսական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Թուրքական արժույթն արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել: Վերլուծաբանները լիրայի անկումը կապում են Թուրքիայի ԿԲ-ի կողմից դեկտեմբերի 16-ին բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նոր իջեցման հետ։ 1 տարվա ընթացքում թուրքական արժույթն արժեզրկվել է ավելի քան 40%-ով։
*****
Կորոնավիրուսի նոր Օմիկրոն շտամն ավելի քիչ վտանգավոր է, քան Դելտան՝ ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ։ Կազմակերպության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի նոր տարատեսակով վարակման դեպքերի մեծ մասն ընթացել է առանց ախտանիշների կամ մեղմ և միջին ծանրության ախտանիշներով։ Փորձագետների գնահատմամբ, սակայն, Օմիկրոնը, որն արդեն հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 60 երկրում, կգերազանցի Դելտային տարածման արագությամբ: Դեռ հաստատված չէ, թե ինչն է նոր շտամի արագ տարածման պատճառը։
*****
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակված մարդ է մահացել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա մարդկանց կոչ է արել խթանիչ ներարկումներ ստանալ: Սա աշխարհում նոր շտամի հետևանքով մահվան առաջին հայտնի դեպքն է։