Գլխավոր դատախազությունն անդրադարձել է օրեր առաջ պատգամավորական անձեռնմխելիության հարցի վերաբերյալ ՍԴ կայացրած որոշմանը: Ըստ տարածած հայտարարության՝ դատախազության դիրքորոշումները հիմնվում են Սահմանադրության 96-րդ հոդվածի գաղափարի վրա: Դեկտեմբերի 9-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշում, որի համաձայն՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ և չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ: ՍԴ դիմել էր «Հայաստան» խմբակցությունը, և բարձր դատարանի որոշման հիմքով Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը ազատ էին արձակվել: Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար, Սարգսյանն ու Զաքարյանն էլ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
ՀՀ գլխավոր դատախազություն - ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է արդեն իսկ այդպիսի կարգավիճակ ունեցողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ Ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի, և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը, դրանք շարունակելուն։
Դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ ՍԴ-ն իր կայացրած որոշման հիմքում դրել է պատճառաբանությունը, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո կոնկրետ անձի նկատմամբ նախկինում տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելը կարող է խոչընդոտել Ազգային ժողովի գործունեությանը։
ՀՀ գլխավոր դատախազություն - Սահմանադրական դատարանի դիրքորոշումը նախ խնդրահարույց է այն առումով, որ պատգամավորական անձեռնմխելիության չարաշահման, այն որպես նախկինում կատարած հանցանքի համար ենթադրվող պետական հարկադրանքի միջոցից խուսափելու միջոց դիտարկելու հիմքեր է տալիս։ Այս առումով հատկանշական է հենց Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման գործընթացը քաղաքական բաղադրիչ ունի, և դրա արդյունքը կախված է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի կամքից։ Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տաս տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից:
Դատախազությունը մեկնաբանել է նաև պատգամավորի անձեռնմխելիության գաղափարը: Այսպես, պատգամավորն անձեռնմխելի է, որպեսզի իր գործունեության ընթացքում կաշկանդված չլինի հետապնդման ենթարկվելու մտավախությամբ։ Իսկ նախքան մանդատ ստանալը սկսված քերական հետապնդումը կամ ազատությունից զրկումը չի կարող կապված լինել պատգամավորական գործունեության հետ, կապված չէ ազատության սահմանափակման հետ, և, հետևաբար, նրա նկատմամբ անձեռնմխելիություն կիրառվել չի կարող:
ՀՀ գլխավոր դատախազություն - Սահմանադրական դատարանը, փաստացի տարբերակված մեկնաբանության ենթարկելով սահմանադրի միասնական մոտեցումը, գտել է, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը հարուցված քրեական հետապնդումը շարունակելու համար ՀՀ Ազգային ժողովի համաձայնությունը չի պահանջվում, իսկ ազատությունից զրկումը շարունակելու համար պահանջվում է։ Այսպիսի մեկնաբանությունը մտահոգություններ է առաջացնում, որ սահմանադրական հստակ ու միանշանակ կարգավորման ենթարկված ցանկացած հարցի՝ նաև հետագայում անկանխատեսելի, սահմանդրի միանշանակ կամքին հակառակ մեկնաբանությունները բացառված չեն։
Ըստ դատախազության՝ ՍԴ-ն իր որոշմամբ ամրացնում է՝ անձեռնմխելիությունն ուժեղացնելու՝ ժողովրդավարական չհամարվող պետություններին բնորոշ ինստիտուտը: