Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննել է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Սա դատավորի նկատմամբ հարուցված արդեն երրորդ վարույթն է, որոնցից մեկով արդարադատության նախարարի միջնորդությունը մերժվել էր, մյուսով՝ Նախքշարյանին խիստ նկատողություն հայտարարվել:
Երրորդ վարույթը հարուցվել է Արդարադատության նախարարի կողմից՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Հաղորդման հիմքը Սաֆարյանին առնչվող գործերից մեկով դատավորի կայացրած վճռում ենթադրյալ խախտումներն են:
Նախշքարյանի ներկայացուցիչը բացարկի միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ մի շարք անդամների, այդ թվում՝ նիստը նախագահող Գագիկ Ջհանգիրյանին՝ կասկածի տակ դնելով Խորհրդի անկախությունը։ Միջնորդությունները, սակայն, ԲԴԽ-ն մերժել է։
Այնուհետև Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ընթերցել է դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ նշելով, որ Սաֆարյանի գործով դատավորը խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ: Միջնորդությունից հետո Նախշքարյանն ու նրա ներկայացուցիչը մի շարք հարցեր են ուղղել Արդարադատության նախարարության պաշտոնյային, հարցերի մյուս մասն էլ հնչեցնելու են հաջորդ նիստին: