Առավոտյան Երևանի հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներին տհաճ անակնկալ էր սպասում. մի շարք երթուղիների վարորդներ դուրս չէին եկել աշխատանքի: Հարյուրավոր մարդիկ մնացել էին կանգառներում՝ ուշանալով աշխատանքից: Թե ինչն էր գործադուլի պատճառը՝ պարզ դարձավ ավելի ուշ, երբ նրանք հավաքվեցին երևանյան դեպոներից մեկում: Պահանջում են վերանայել աշխատանքային պայմանները:
Վարորդ - Տան աշխատավարձ նորմալ, ստեղծեն պայմաններ: Դրա մեջ մտնում է՝ զուգարան չկա, հերթ են կանգնում գազ լցնելու համար:
Պահանջներից առաջնահերթը հենց աշխատավարձն է: Քաղաքապետարանից նշում են, որ նոր ավտոբուսների վարորդների պայմանագիրը ենթադրում է հարկված 260 հազար դրամ աշխատավարձ՝ 15 օրվա համար: Ըստ վարորդների՝ այդ գումարը բավարար չէ:
Վարորդ - 260 հազար աշխատավարձ եթե ստանամ, ասում են, որ պետք ա ստանամ, 14 օր եթե աշխատեմ, ես դրանով չեմ կարա ընտանիք պահեմ: Օբշի 360 հազար իմ տուն մտել ա, իսկ հիմա դա իջել է 260 հազար: Պլյուս դրան՝ 14 օր նշում եք՝ 260 հազար ա ստանում, բայց շոֆեռը գալիս ա ժամը 5-ին գործի, երեկոյան փող չունի, որ տաքսի նստի, տուն գնա:
Բացի աշխատավարձից՝ վարորդների համար հրատապ է նաև սեփական առողջության և տրանսպորտային միջոցի ամբողջական ապահովագրումը: Բողոքի մասնակիցները նաև ուշադրություն են հրավիրում տարրական կենցաղային պայմանների բացակայության վրա: Բոլոր այդ հարցերը նրանք ժամեր շարունակ քննարկեցին Երևանի տրանսպորտի վարչության պետի հետ: Ժամեր տևած բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվեց գտնել ժամանակավոր լուծում:
Վարորդ - Ասեց՝ 2 օրվա մեջ եթե չանեմ, էլի կկանգնեք, հենց աշխատավարձի պահը, կասկոյի պահը, բժշկի պահը: Ասեց՝ 2 օր ինձ ժամանակ տվեք, եթե չկատարեմ ձեր պահանջը, նորից կանգնեք:
Վարորդների հետ բանակցող վարչության պետը հրաժարվեց «Լուրեր»-ին մեկնաբանություն տալ: Քաղաքապետարանում փաստացի տրամաբանական չեն համարում վարորդների պահանջը՝ անվանելով ակցիան սաբոտաժ: