Կոնգրեսի փոխխոսնակ Քեթրին Կլարկ, սենատոր Ռոբերտ Մենենդեզ, օրենսդիրներ Աննա Էշու, Ջիմ Կոստա, Ջիմ Լանգևին, Ադամ Շիֆ, Ջեքի Սպայեր։ Սա ոչ լրիվ ցանկն է այն օրենսդիրների, որոնք դատապարտեցին Հայաստանի Սյունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիան։ Բայց չնայած բազմակի լրագրողական դիմումներին` պետքարտուղարության մամուլի ծառայությունը որևէ հասցեական հայտարարություն չարեց՝ դատապարտելու ագրեսոր Ադրբեջանին։
Վերլուծաբան Մայքլ Ռուբինն աշխատում է American Enterprise վերլուծական կառույցում։ Նա նախորդ տարի 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց Արցախում էր։ Ռուբինն ամերիկյան կայքում դատապարտել է ագրեսորի և թիրախավորված երկրի միջև հավասարության նշան դնելու՝ իրեն վաղուց սպառած քաղաքականությունը։
Մայքլ Ռուբին (American Enterprise Institute-ի փորձագետ) - Վստահ չեմ, որ Պետքարտուղարությունում լիովին հասկանում են, թե որքան անարդյունավետ են երկու կողմերին ուղղված ընդհանրական ելույթները։ Դա ավելի շատ նման է հարցը ձգձգելուն ուղղված բնազդի։ Դա ռազմավարական սխալ է, որը խրախուսում է Ադրբեջանի արմատական կեցվածքը։
Պետքարտուղարության և Պենտագոնի աշխատակից Ուեյն Մերին տանը Հայաստանի Զինված ուժերի խորհրդանիշով հուշանվեր ունի, որը ստացել էր մոտ տասը տարի առաջ, երբ Հայաստանում էր։ Այժմ նա Բաքվի սև ցուցակում է՝ Արցախ այցելելու պատճառով։
Ուեյն Մերի (ԱՄՆ Արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ) - Մոտ 20 տարի Վաշինգտոնում միայն ես էի նախազգուշացնում, որ Ղարաբաղում նոր պատերազմ է լինելու։ Այստեղ ընդհանուր տեսակետ կար, թե պատերազմ չի լինի, Ալիևը նման ռիսկի չի գնա, իսկ Մինսկի ձևաչափով բանակցությունները կշարունակվեն անորոշ տևողությամբ։ Այցելելով հայ-ադրբեջանական շփման գիծ՝ համոզվեցի, որ այդպես չէր։ Հասկացա, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկան գնում էր որոշակի նպատակով։ Միակ հարցը մնում էր, թե անվտանգային հարցերով Թուրքիայի պրոտեկտորատը դառնալով՝ Ադրբեջանը նրանցից երբ կստանար ազդանշան պատերազմը սկսելու մասին։
Ըստ փորձագետի՝ Թուրքիան և Ադրբեջանը հաշվարկել էին պատերազմի ամենահարմար ժամանակաշրջանը. Միացյալ Նահանգներում անցած տարի աշնանը նախագահական ընտրություններ էին։ Վարչակազմը զբաղված էր ներքին օրակարգով և չմիջամտեց Արցախյան պատերազմին, ասում է Մերին։ Վստահ էլ չէ, թե ցանկության դեպքում Վաշինգտոնը կկարողանար արդյոք զսպել Անկարային։
Ուեյն Մերի - Ամերիկահայ համայնքը հիասթափված է Միացյալ Նահանգների քաղաքականությունից, քանի որ ակնկալում էր, որ գործող վարչակազմը կդադարեցներ պատերազմը կամ առնվազն կհարկադրեր Թուրքիային այլևս չմիջամտել։ Նախորդ դարի 90-ականներին ԱՄՆ-ից զանգը Թուրքիա բավարար կլիներ զսպելու նրանց ռազմական միջամտությունը։ Բայց այդ օրերն անցյալում են։
Սա արդեն ուրիշ Թուրքիա է, ավելի ագրեսիվ և հավակնոտ, որը չի ենթարկվում,- ասում է փորձագետը։
Էրդողանին Քրիստոնյաների համար ամենավտանգավոր պետական ղեկավարների թվին է կարգել Միջազգային Քրիստոնեական Հոգատարություն կազմակերպությունը։ Նրանք աշխարհի տարբեր տարածաշրջաններում քրիստոնյաների թիրախավորմանը նվիրված վերջին միջոցառմանը հատուկ նշեցին նաև Արցախի մասին։
Ջեֆ Քինգ («Միջազգային Քրիստոնեական Հոգատարություն» կազմակերպության նախագահ) - Էրդողանն իրեն տեսնում է ճակատագրի և Ալլահի կողմից ընտրված մեկը, որը վերագանգնելու է Օսմանյան կայսրությունը։ Նրա նպատակն է տարածել Թուրքիայի և Իսլամի ազդեցությունը։ Այդ նպատակով էլ նախաձեռնեց Հայաստանի և Արցախի դեմ հարձակումը։ Ես միշտ ասում եմ իշխանություններին՝ Էրդողանը վտանգավոր մարդ է»։
Մայքլ Ռուբինը կովկասյան վերջին զարգացումներում տեսնում է նաև ներքաղաքական հարցեր լուծելու շարժառիթ։ Արժեզրկվող թուրքական լիրայի և Ադրբեջանի անկայուն տնտեսական ցուցիչների պայմաններում Սյունիքի դեմ վերջին ագրեսիան ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու նպատակ ունի։
Մայքլ Ռուբին - Չեմ կարծում, թե նրանց նպատակը միայն ճանապարհով իրար միանալն է։ Վերջ ի վերջո, Թուրքիան և Ադրբեջանն այսօր էլ կարող են հաղորդակցվել՝ օգտվելով Վրաստանի ճանապարհներից։ Նրանց քաղաքականության հիմքում հայերի նկատմամբ պատմական ատելությունն է և տնտեսական անհաջողություններից մարդկանց ուշադրությունը շեղելը։ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում թուրքական լիրայի հետ։ Շատերը գուցե կարծում են, թե Ադրբեջանը հարուստ երկիր է նավթի պաշարների շնորհիվ։
Ըստ փորձագետի՝ այդ գումարները փոշիանում են կոռուպցիայի հետևանքով, իսկ հասարակ ժողովրդի կենսամակարդակով Ադրբեջանը զիջում է Հայաստանին և Վրաստանին։