Դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի Musée National d’Art Moderne ցուցադրությունների սրահում տեղի կունենա Ս․ Փարաջանովի «Տրիպտիխի»՝ «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.), ցուցադրությունը։
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի՝ Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով։ Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոն և «Համո Բեկ-Նազարով» նախագծի կողմից։ Վերականգնումը հովանավորել են «Ֆիքսաֆիլմ» և «Կինոկլասիկա» կազմակերպությունները։
Վերականգնված ֆիլմերի նոր՝ 35 մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), «Դովժենկո» կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար։
Ցուցադրությունը կուղեկցվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր՝ «Հայ կինոյի դասականներ» ծրագրի համակարգող և ֆիլմերի վերականգնման փորձագետ, բրիտանացի Դանիել Բըրդի պրեզենտացիայով։