Եվրամիությունը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, սակայն մինչ այժմ կոնկրետ որոշումներ չեն կայացրել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը և ուկրաինական սահմանի մոտ ռազմական ուժեր կուտակելու Ռուսաստանին ուղղված մեղադրանքները կդառնան նախարարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը։
Մինչ Բրյուսելը, Վաշինգտոնն ու Լոնդոնը մտածում են նոր պատժամիջոցների մասին, Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնն այն կարծիքն է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով՝ Մինսկի համաձայնագրերի հիման վրա։
«Ես կարծում եմ, որ մենք չենք կարող ամեն շաբաթ նոր պատժամիջոցներ սահմանել: Չեմ կարծում, որ դա կարող է բարելավել աշխարհը: Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները շարունակում են գործել: Մենք պետք է ռազմական սպառնալիքների փոխարեն անցնենք երկխոսության»,- ասել է արտգործնախարարը: