Դեկտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» ֆրանչայզի գործառնությունների և զարգացման գծով փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը:
Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր ուրախությունը հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու և նոր բիզնես նախաձեռնության կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը բիզնեսի կողքին է և պատրաստ է հնարավորինս աջակցել նոր նախաձեռնություններին, որոնք ոչ միայն տնտեսական նշանակություն կունենան, այլև կնպաստեն գործարար կապերի ընդլայնմանը և նոր ներդրումներ կներգրավեն: Համբարձում Մաթևոսյանը ողջունել է «Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում, որը նախատեսվում է 2022 թ. երկրորդ եռամսյակում: Նրա համոզմամբ՝ այն կնպաստի ինչպես Երևանի քաղաքային միջավայրի՝ ներկայումս ընթացող որակական փոփոխությանը, այնպես էլ սպասարկման ոլորտի զարգացմանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել ընթացող երկկողմ համագործակցությունը «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» և ԱՆԻՖ-ի միջև՝ կարևորելով նմանատիպ հեռանկարային ծրագրերի իրականացումն ու այսպիսի համաշխարհային ցանցերի մուտքը Հայաստան: Ընդգծվել է, որ «Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում կարող է նախադեպային լինել մյուսների համար: Առաջին «Հարդ Ռոք Կաֆեն» բացվել է Լոնդոնում 1971 թ.: Ներկայումս ցանցը գործում է ավելի քան 70 երկրներում:
Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՆԻՖ-ի կողմից՝ 48% մասնակցության չափով։ ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է Covid-19-ի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։