Կրթական գերատեսչությունn ամփոփում է տվյալները, թե քանի ուսուցիչ է, որ հավելավճարի իրավունք է ստացել միաժամանակ և՛ կամավոր ատեստավորման, և՛ որակավորման տարակարգի շնորհիվ: Ցուցանիշները կհրապարակվեն առաջիկայում, բայց նախնական գնահատականով՝ այսպիսի ուսուցիչները մի քանի տասնյակ են:
Նրանցից մեկը Սիսիանի ավագ դպրոցում հայոց պատմություն և հասարակագիտություն դասավանդող Ռուզաննա Խաչատրյանն է, որի աշխատավարձը ընդհանուր առմամբ բարձրացել է 70 տոկոսով:
Ռուզաննա Խաչատրյան (Սիսիանի ավագ դպրոցում հայոց պատմության և հասարակագիտության ուսուցչուհի) - Ես ունեմ երրորդ աստիճանի տարակարգ, այս տարվա սեպտեմբեր ամսին եմ ստացել, և 30 տոկոս հավելավճար է հասնում: Իսկ կամավոր ատեստավորման համար` 40 տոկոս հավելավճար:
Աշխատավարձը բարձրացնելու այս տարբերակը Խաչատրյանը դրական է գնահատում:
Ռուզաննա Խաչատրյան - Օրինակ՝ տարակարգի հետ կապված ինձ միշտ գրավել է կրթության մեջ այդ շարունակական ներգրավվածության ապահովումը, հետևել եմ միշտ կրթության բնագավառում տեղի ունեցող փոփոխություններին, սիրով մասնակցել եմ նոր ծրագրերին, մրցույթներին՝ փորձելով կատարելագործել աշխատանքս: Շատ դժվարին ուղի է, բայց դրա հետ միասին բավականին հետաքրքիր է:
Կամավոր ատեստավորման շնորհիվ ուսուցչի աշխատավարձը կարող է բարձրանալ 30-50 տոկոսով՝ ըստ արդյունքի: Առաջինից չորրորդ տարակարգերն էլ աշխատավարձի 10-50 տոկոսով բարձրացում են երաշխավորում: Այդ վճարը կպահպանվի 5 տարի:
Ոլորտի պատասխանատուները երկկողմանի պրոցես են նկատում: Մի կողմից տարակարգ ունեցող ուսուցիչները մասնակցել են այս տարի առաջին անգամ անցկացված կամավոր ատեստավորմանը, մյուս կողմից էլ՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներն են ձգտում նաև տարակարգ ստանալ, որպեսզի աշխատավարձի հավելումը զգալի լինի:
Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ տարակարգի մեխանիզմը բավական խութեր ունի, և բարձր տարակարգերը չափազանց բարդ են:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Տարակարգի գործող կարգը չենք կարող համարել արդյունավետ, որովհետև տարակարգի մեխանիզմը ներդրվել է 2012 թվականին, բայց մինչև այս պահը մենք ունենք շուրջ 2600 ուսուցիչ, որ տարակարգ է ստացել, այսինքն՝ ուսուցիչների շուրջ 6.2 տոկոսն է միայն, որ տարակարգ ունի շուրջ 9 տարվա արդյունքում:
Ընդ որում, նրանց 94 տոկոսից ավելին էլ միայն առաջին աստիճանի տարակարգ ունի, այսինքն՝ ստանում է աշխատավարձի ընդամենը 10 տոկոս հավելում: Երրորդ աստիճանի տարակարգ առաջին անգամ անցյալ տարի է շնորհվել՝ երեք ուսուցչի, իսկ չորրորդ՝ ամենաբարձր աստիճանի տարակարգ դեռ ոչ ոք չունի:
Ժաննա Անդրեասյան - Այսինքն՝ գործող մեխանիզմը բավականին բարդ է, և «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունը միտված է նաև նրան, որ մենք այս մեխանիզմը ամբողջությամբ փոխենք, որովհետև կան բազմաթիվ անտրամաբանական բաներ:
Օրինակ՝ եթե որևէ ուսուցիչ այս պահին համապատասխանում է չորրորդ աստիճանի տարակարգի պահանջներին, չի կարող դիմել դրա համար, քանի դեռ չի դիմել և ստացել առաջին, երկրորդ և երրորդ աստիճանները, իսկ առաջին տարակարգից չորրորդ տարակարգին հասնելու համար ուսուցչից կպահանջվի 9 տարի: Այդ խոչընդոտը նախատեսվում է վերացնել:
Քննարկվում է նաև, որ բուհերի օրինակով, որտեղ դասախոսները գիտական կոչումներ են ունենում՝ ասիստենտ, դոցենտ կամ պրոֆեսոր, ուսուցիչներին նույնպես այդպիսի կոչումներ շնորհել՝ ըստ տարակարգի աստիճանների:
Ժաննա Անդրեասյան - Մենք դիտարկել ենք տարբեր փորձեր, ինչպես է տարբեր երկրներում կոչվում, կարող է լինել ավագ ուսուցիչ, մենթոր ուսուցիչ, աստիճանակարգման տարբեր տարբերակներ կան:
Անդրեասյանի խոսքով` կընտրվի այնպիսի մի տարբերակ, որը նաև մեր իրողություններին բնորոշ կլինի:
Հեղինակ՝ Աննա Զախարյան