Խմորեղենի արտադրամասի հյուրերը սննդի անվտանգության տեսուչներն են։ Այցն այս դեպքում ամենևին կապված չէ թունավորման կամ սպառողի որևէ գանգատի հետ։ Ընկերությունը ՍԱՏՄ-ի պլանային, ընթացիկ ստուգումների ցանկում է․ նայում են օգտագործվող մթերքի պիտանելիության ժամկետը, տարածքի հիգիենիկ վիճակը, աշխատակիցները սանգրքույկ ունե՞ն, թե՞ ոչ։
Նույն հարցերով՝ ո՞ր տնտեսվարողին կանհանգստացնեն եկող տարի, տեսչական մարմինն օրերս հրապարակեց․ ցանկում հացի փռեր են, կաթ-պանիր արտադրողներ, սրճարան-ռեստորաններ և, իհարկե, ամենառիսկային համարվող կենդանական ծագման հումքից՝ միս վերամշակողներ՝ լինի հավ, տավար թե ձուկ։ Երևանում ու մարզերում միասին՝ 945 բիզնես են ստուգելու, ասում է Գեորգի Ավետիսյանը։
Գեորգի Ավետիսյան (ՀՀ ՍԱՏՄ ղեկավար) - Այդ 945-ից 724-ն են վերաբերում սննդամթերքի անվտանգությունը, 327 արտադրություն ենք ստուգելու և 351 հանրային սննդի կետ:
Ցանկում ընդգրկել են նաև վերջին շրջանի աղմկոտ թունավորման վայրերից «Տաշիր» պիցցաների ցանցն ու «Բուրգըրիի» սեփականատերերին պատկանող մյուս բոլոր պանդոկներն ու անգամ ամենաէլիտար ռեստորանները, չնայած արձանագրված ախտարումների պատճառը, արդեն գիտեն, վերացված է։
Ավեստիսյանը վստահ է․ այն, որ բիզնեսը տեղյակ է, թե ընդհուպ ո՛ր եռամսյակում են իրեն ստուգելու, գործընթացը բոլորովին էլ ձևական չի դարձնում։ Այցի օրն է գաղտնի լինում․ մյուս կողմից՝ իրենց նպատակը ոչ թե ընկերություն տուգանելն է, այլ դրդելը, որ ժանգոտ սեղանին պանիր, փոշու մեջ՝ հաց արտադրելու փոխարեն տարածքները նորոգեն, սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովեն։ Ինչ վերաբերում է արագ սննդի փոքրիկ կրպակներում աչքի ընկնող փնթիությանը, տեսչական մարմնի ղեկավարն ասում է՝ նրանց պլանային ստուգման ցուցակ մտցնել չեն կարող, արտահերթ ստուգել կարող են միայն, եթե բողոք կա։
Գեորգի Ավետիսյան - Կան կազմակերպություններ, որ գրանցված չեն մեր սննդի օպերատորների ռեեստրում, դրա համար մենք պլանի մեջ չենք մտցնում, և կան անհատներ, որոնց նկատմամբ մենք որևէ գործառույթ իրականացնելու իրավունք չունենք: Փողոցային առևտուրը հիմնականում անհատներ են, և դրա հետևողները պետք է լինեն համայնքապետարաններն ու ոստիկանները, մեր գործառույթից էդ ամենը դուրս է:
Սպառողը, սակայն, եթե կերածը չմարսի, այդ օբյեկտներին կրկնակի են տուգանում․ նախ՝ ուտելիքում սալմոնելա, ստաֆիլոկոկ կամ այլ հարուցիչ ունենալու խախտման, ապա և՝ գրանցված չլինելու համար։ Բնակչությունից ստացած ահազանգով սննդի տեսուչներն այս տարի պլանային ցանկից դուրս մոտ 200 ստուգում էլ արտահերթ են իրականացրել։