44-օրյա պատերազմի մասնակից տղաների համար մասնագիտական ուսուցումից հետո աշխատանքի ընդունվելու հնարավորություն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս գաղափարին մի քանի տասնյակ ընկերություն արձագանքեց, պայմանագրեր կնքվեցին, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Առաջինը «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունն էր:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Մի փուլով ուսուցումն է, մյուսով՝ պրակտիկան, երրորդը՝ աշխատանքի տեղավորումը:
Այ Թի ոլորտը տղաների հետաքրքրությունն այնքան է շարժել, որ գործակցության հուշագրի ստորագրումից անմիջապես հետո նախարարությունում հայտեր են ընդունվել, ու արդեն 70-ից ավելի մասնակից մի քանի ամիս դասընթաց է անցնում չորս ուղղությամբ:
Սարգիս Պողոսյան (ընկերության ներկայացուցիչ) - Որի շրջանակներում ունենք QA, մարքեթինգ, անգլերենի դասընթացներ, ու 3 ամսվա ընթացքում արդեն ձևավորվել են խմբեր, որոնք ոչ միայն զուտ ուսուցանվում են, այլև ռեալ պրոյեկտների վրա գործեր են անում:
Նարեկ Չաղլասյան (ընկերության թվային մարքեթինգի ղեկավար) - Հեսա մենք միասին սկսելու ենք պրոյեկտներ ստեղծել, իրա մարքեթինգը անենք ու կիրառենք, որ իրանք փորձ ունենան:
Ընկերության թվային մարքեթինգի ղեկավարն ասում է՝ 8 տարում ձեռք բերած գիտելիքն ու փորձը օր առաջ է ուզում փոխանցել տղաներին: Վստահ է՝ բոլորն էլ հաջողության են հասնելու:
Նարեկ Չաղլասյան - Ինձ դիմեցին, ասեցին՝ բավականին տղերք կան և ուզում են մարքեթինգ սովորել, անմիջապես թաթախվեցի էս պրոյեկտի մեջ, ու հաջորդ օրը սկսեցինք զրույցները՝ ի՛նչ են ուզում:
Ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է՝ շատ շուտով տղաները ըստ առաջնահերթության հիմնական աշխատանքի կանցնեն:
Սարգիս Պողոսյան (ընկերության ներկայացուցիչ) - Ոմանց համար դա կլինի օրեր անց, միջին աշխատավարձը լինելու է 200-250 հազար սկսնակների համար:
Տղաները դասերին, ի դեպ, անվճար չեն մասնակցում, անկախ արդյունքից, ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման ընթացքում ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր ամիս շահառուներին վճարվում է առնվազն 80000 դրամ:
Սարգիս Պողոսյան - Իրենք կարող են օգտվել ներսում գտնվող ծառայություններից՝ ջիմ, վարսահարդար, իրանք, այսինքն՝ օգտվում են ամեն ինչից, ինչից օգտվում են մեր աշխատողները:
Ավետիքը մասնակիցներից մեկն է: 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր, բեկորային ու հրազենային վիրավորումներ ստանալուց հետո երկար ժամանակ է պահանջվել, որ ոտքի կանգնի: Մարքեթինգ է ուսումնասիրում: Այս գործակցության մասին լսելուն պես առաջին դիմողներից է եղել:
Նախարարությունը Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հետ հուշագիր է ստորագրել, որը ենթադրում է վերապատրաստումներից ու դասընթացներից հետո աշխատանքով ապահովել շուրջ 400 քաղաքացու:
Միայն նոյեմբերի 29-ին նոր պայմանագիր կնքվեց «Գրանթ Թորնթո» ընկերության հետ. ևս 30 զինծառայող կվերապատրաստվի, և լավագույն արդյունք գրանցած 5 մասնակից հնարավորություն կունենա դասընթացները շարունակել Ֆրանսիայում:
Ռուբեն Սարգսյան - էս պահին էլ կարող են դիմել նախարարություն, իրանց հետ կկապվեն մեր մասնագետները ու կխոսեն, տեղեկությունը ստանալուց հետո կուղղորդեն այդ ծրագրերին:
Մասնավոր ընկերությունների հետ գործակցությունը, ասում է փոխնախարարը, կավարտվի այն ժամանակ, երբ դրա կարիքն այլևս չի լինի: