Հայաստանում ներքին զբոսաշրջությունը վերականգնվել է: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրի ավելի քան 1 մլն 435 հազար (1 մլն 435 հազար 111) քաղաքացի ճանապարհորդել և հանգստացել է Հայաստանում: 2020-ի (934 հազար 981) նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջությունը աճել է 53.5 տոկոսով, իսկ ամենաակտիվ տարվա՝ 2019-ի (1 մլն 405 հազար 398) համեմատ աճը 2.1 տոկոս է:
Տվյալներն արտացոլում են հյուրանոցներում և հյուրատներում հանգստացած Հայաստանի քաղաքացիների թիվը: Աճը,- ըստ Էկոնոմիկայի նախարարության դիտարկման,- առաջին հերթին պայմանավորված է համավարակի պատճառով սահմանների փակ լինելու հետ:
Սոնա Հովհաննիսյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ - Հարկ է նշել, որ աճ է գրանցվել նաև սոցիալական փաթեթի շրջանակում, այսինքն՝ շատ մարդիկ հենց սոցփաթեթից օգտվելով՝ գնացել են մարզերում իրենց հանգիստը կազմակերպելու: 2021 թվականի ընթացքում՝ 9 ամիսներին, սոցփաթեթի շրջանակներում շուրջ 55 հազար մարդ է հանգստացել և սա ընդհանուր թվի մեջ 3.8 տոկոս է կազմում:
Հայաստանի ներքին զբոսաշրջությամբ զբաղվող մասնավոր ընկերությունների լավ աշխատանքը ևս նպաստել է աճին՝ կարծում են մասնագետները: Հատկանշական է, որ տուրիստական հոսքը միայն մի քանի զբոսաշրջային հանգստավայրի ուղղությամբ չի եղել: Իհարկե, որոշակի տոկոսային տարբերությամբ, բայց բոլոր մարզերում էլ տուրիստական ակտիվություն է նկատվել:
Մեխակ Ապրեսյան, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ - Ե՛վ տեսարժան վայրերն են, և՛ վերականգնված շատ հետաքրքիր վայրեր կան, և՛ միջոցառումներ: Այստեղ շատ կարևոր է նաև հենց փառատոնների դերը: Սա և՛ ներքին զբոսաշրջության համար կարևոր խթան է, և՛ միջազգային և ներգնա զբոսաշրջության համար:
Բավականին ակտիվացել է էկո և էնո՝ գինու տուրիզմը, գաստրո և ագրոտուրիզմը, սակայն այս առումով կոմիտեն թվային տվյալներ չունի: Մասնագետների համոզմամբ՝ Հայաստանում այս ուղղությունները զարգացման մեծ հնարավորություն ունեն, բայց ներուժն ամբողջությամբ դեռ իրացված չէ:
Սոնա Հովհաննիսյան - Հարկ է նշել, որ բավականին աճ է գրանցվել արկածային զբոսաշրջության ոլորտում: Ավելի շատ միտում է գրանցվել, քանի որ թվեր չենք կարող ապահովել: Արկածային, քայլարշավային, վրանային այդ ոլորտում:
Համավարակի պատճառով միջազգային զբոսաշրջությունը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել, սակայն, իրողություններով պայմանավորված, կորոնավիրուսը նպաստել է ներքին տուրիզմի զարգացմանը: Սովորաբար արտասահմանում հանգստանալ նախընտրող մեր հայրենակիցները հնարավորություն են ստացել ավելի լավ ճանաչել Հայաստանը, ինչը կարող է նպաստել, որ, օրինակ, արտերկրում կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց երկիրը, նաև շահագրգռել՝ անպայման այցելել և հանգիստն այստեղ անցկացնել:
Մեխակ Ապրեսյան - Ներքին տուրիզմը որոշակի խնդիրների լուծմանը կարողանում է և կարողացել է նպաստել և ոչ միայն ներքին տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերությունները, այլ նաև հենց հատկապես հանրապետության մարզերում հյուրանոցային տնտեսությունը, հանրային սնունդը և այլն:
Ներքին տուրիզմը չի լուծում երևանյան հյուրանոցային տնտեսության հարցերը, զբոսաշրջիկները նախընտրում են հանգստանալ քաղաքի աղմուկից հեռու, ինչը մասնագետների խոսքով՝ նպաստում է փողի տեղաշարժին դեպի մարզեր՝ որոշակիորեն նպաստելով երկրի համաչափ զարգացմանը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան