Դեկտեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ կայացել է Հայաստանի էսպլանադի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, սենատորներ, պաշտոնյաներ, մտավորականներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:
Փարիզի քաղաքային խորհրդի կողմից էսպլանադն ի պատիվ Հայաստանի անվանակոչելու որոշումը հայ-ֆրանսիական բարեկամության ևս մեկ վկայություն է:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով հանդիսավոր արարողությանը, ևս մեկ անգամ հիշեցնում է հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը և դրանց յուրահատուկ բնույթը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Այստեղ՝ Փարիզի սրտում, մեր բարեկամ ֆրանսիացի ժողովուրդը հերթական անգամ մեծարում է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այս իրադարձությունն առավել քան խորհրդանշական է․ Արցախում արյունալի և հյուծիչ պատերազմից մեկ տարի անց մայրաքաղաք Փարիզն իր համերաշխությունն է հայտնում մեզ՝ հայերիս՝ հայ-ֆրանսիական բարեկամության հերթական լուսավոր էջը բացելով մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմությունում։
Անն Իդալգոն խորին ակնածանքով է վերաբերվում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը և որպես Փարիզի քաղաքապետ՝ այս նախաձեռնությամբ ցանկանում էր իր սերն ու հարգանքը արտահայտել հայ ժողովրդի նկատմամբ:
Անն Իդալգո (Փարիզի քաղաքապետ) - Այս էսպլանադը պետք է լինի գեղեցիկ Հայաստանի, հպարտ Հայաստանի խորհրդանշանը։ Այն Հայաստանի, որը մենք սիրում ենք, այն անխորտակելի Հայաստանի, որին մենք աջակցում ենք մեր ողջ ուժով։ Փարիզը միշտ եղել է հայ ժողովրդի կողքին, այն ժողովրդի, որը պաշտպանում է իր գոյության իրավունքը, հողի իրավունքը և ժողովրդավարության իրավունքը։
Nouvelles d'Arménie ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի վրա միջոցառումը ուժեղ տպավորություն է գործել: Նա կարևորում է, որ նախաձեռնության հեղինակը հենց Փարիզի քաղաքապետարանն է՝ ի դեմս քաղաքապետ Անն Իդալգոյի:
Արա Թորանյան (Nouvelles d'Arménie ամսագրի գլխավոր խմբագիր) - Բոլոր պետությունների ղեկավարները, որոնք այցելում են Ֆրանսիա, հանդիպում են Անն Իդալգոյի հետ, ուստի նրա խոսքը, դիրքորոշումը կարևոր նշանակություն ունեն: Այն ոչ միայն նպաստում է Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությանը, այլ նաև քաղաքական կարևորություն ունի:
Ֆրանսիայի սրտում Հայաստանի էսպլանադը, մասնակիցների կարծիքով՝ է՛լ ավելի կամրապնդի հայ-ֆրանսիական հումանիտար և քաղաքական կապերը՝ դառնալով երկկողմ դարավոր բարեկամության մասին աշխարհին պատմող ևս մեկ գեղեցիկ խորհրդանշան:
Հեղինակ՝ Մանե Ալեքսանյան