Իրանն ու Ռուսաստանը շուտով կարող են ավարտել 20 տարի ժամկետով համապարփակ համագործակցության մասին փաստաթղթի նախապատրաստական աշխատանքը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Մենք մշակել ենք ԱԳՆ նոր ծրագիր՝ հարևան երկրների հետ 20-ամյա համաձայնագրերի կնքման ճանապարհային քարտեզ։ Այդ գործընթացը գրեթե ավարտված է Ռուսաստանի հետ»,- Խաթիբզադեի խոսքը մեջբերել է ILNA գործակալությունը։ Նա նշել է, որ համաձայնագիրը նման է Չինաստանի հետ 25 տարի ժամկետով համակողմանի համագործակցության մասին պայմանագրին:
Նոյեմբերի 16-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ իրանական կողմը պատրաստ է Մոսկվայի հետ համապարփակ համագործակցության երկարաժամկետ համաձայնագիր կնքելու: