Արևաշատցիները մանկապարտեզի շինարարությանը 30 տարի են սպասել: Նախկին շենքը փլուզվել էր դեռ խորհրդային կարգերի փլուզման ժամանակ, իսկ նորը ամուր է, նույնիսկ 9 բալ երկրաշարժին կդիմանա:
Գեղհայր Հարությունյան (շինարար) - Եթե մի բան երեխաների համար է, պարզ է՝ ինչ որակ պետք է ունենա. չափ ու նիշ չունի, ամեն ինչ նորմալ է:
Մեծացող գյուղում մանկապարտեզի բացակայության պատճառով ընտանիքները տարիներ շարունակ խնդրի առաջ են հայտնվել: Աշխատող ծնողները երեխայի խնամքը կազմակերպելու համար մշտապես այլընտրանքներ են փնտրել:
Հովհաննես Ղալայան (Արևաշատ համայնքի բնակիչ) - Ով հնարավորություն ուներ՝ Մուսալեռ էր տանում, հիմա որ բացվի՝ բոլորն էլ կբերեն: Մանկապարտեզ չունենալը խնդիր է եղել, պետք է մեկը տանը մնար, որ երեխային պահեր:
Վերջապես առաջին դասարան հաճախող երեխան էլ հեշտ կինտեգրվի դպրոցին: Արևաշատի դպրոցի նախկին տնօրենը համոզված է՝ նախադպրոցական կրթությունը հեշտացնում է նաև իրենց աշխատանքը:
Մանկապարտեզը կառուցվում է սուբվենցիոն ծրագրով: Բյուջեն 114 մլն 600 հազար դրամ է: Պետությունն ու համայնքը մասնակցում են հավասար համամասնությամբ: Պարտեզում 12 աշխատատեղ է բացվելու: Լինելու է չորս խումբ՝ 80 երեխայի համար:
Արթուր Սարոյան (շինարարական ընկերության տնօրեն) - Այս պահին գտնվում ենք ավարտական փուլում, մի քիչ եղանակն է խանգարում, բայց եկող տարի պետք է ավարտենք ու հանձնենք համայնքին:
Շենքը կհանձնեն, իսկ տարածքի բարեկարգումը կշարունակվի այն ժամանակ, երբ տեղական բյուջեն նոր ծախսերի հնարավորություն ունենա: Շինաշխատանքներին ծանոթանալու եկած Արմավիրի նորանշանակ մարզպետին իրավիճակն է ներկայացնում Արևաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:
Սուսաննա Գևորգյան (Արևաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - Ժողովուրդը գիտի, որ իր վարձը կօգնի, մուծումներից է կախված:
Ժամանակակից լուծումներով մանկապարտեզի մի շենք էլ Գայ համայնքում է կառուցվում: Երկհարկանի շենքը մոտ 300 երեխայի համար է: Այստեղ կհաճախեն նաև հարևան համայնքների փոքրիկները: Շինարարական աշխատանքների 75 տոկոսն արվել է: Գայի մանկապարտեզը ևս սուբվենցիոն ծրագրով է:
Արման Դավթյան (շինարարական ընկերության տնօրեն) - Պայմանագրային արժեքը 316 մլն է: 50 տոկոսը՝ համայնքից, 50-ը՝ պետական բյուջեից: Համայնքային բյուջեի մասը իրականացրել ենք, մոտ 30 տոկոս էլ պետական բյուջեի մասով ենք իրականացրել:
Երեք մասնաշենքով կառույցն ունի բոլոր պայմանները երեխաների կրթությունն ու դաստիարակությունը արդյունավետ կազմակերպելու համար: Շենքը շահագործման կհանձնվի մյուս տարվա հունիսին: Այստեղ 20 մարդ հիմնական աշխատանք կունենա: Ավարտական փուլում է նաև Զարթոնք համայնքի մանկապարտեզի շինարարությունը: Նորակառույց մանկապարտեզները, սակայն, գույքի խնդիրներ են ունենալու:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Գույքի հարցը լուծելու ենք բարերարների միջոցով, համայնքի հնարավորություններով: Իսկ Գայ համայնքում խոշորացումից հետո այդ հարցը, կարծում եմ՝ կլուծվի:
Աշխատանքը նաև մշտադիտարկումներով կվերահսկվի, իսկ նորակառույցների վերջնաժամկետի հարցում, խոստանում է նորանշանակ մարզպետը, նույնպես հետևողական են լինելու: