ԱՄՆ-ը մարդու իրավունքների հետ կապված պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Մյանմայի և Բանգլադեշի հետ առնչություններ ունեցող տասնյակ մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ, իսկ չինական Sense Time Group արհեստական բանականության ընկերությանն ավելացրել է ներդրումային սև ցուցակում, տեղեկացրել են ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտից:
Սև ցուցակում ընդգրկված են 4 երկրի 14 ֆիզիկական անձ և 9 կառույց, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի գլխավոր դատախազությունը, ռազմական կազմակերպություններ Բանգլադեշից և Մյանմայից, ընկերություններ Չինաստանից և Հյուսիսային Կորեայից:
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ դրանք որակելով որպես «միջամտություն Չինաստանի ներքին գործերին» և «միջազգային հարաբերությունները կարգավորող հիմնական նորմերի խախտում»:
Կանադան և Միացյալ Թագավորությունը միացել են Մյանմայի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին: