Իտալացի 26 խորհրդարանական երկրի վարչապետ Մարիո Դրագիի կառավարությանը կոչ է արել հայ ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իրավիճակը մնում է լարված»,- հայտարարել են խորհրդարանականները՝ նշելով, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում վտանգված է հայկական քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը։ Իտալացի խորհրդարանականները նաև ընդգծում են. Ադրբեջանը՝ Թուրքիայի բացահայտ օժանդակությամբ, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում ուժի կիրառմամբ սպառնում է այսպես կոչված «միջանցք» ստեղծել: Իտալացի պաշտոնյաները կոչ են արել կառավարությանը Արևելյան գործընկերության շրջանակում Եվրամիություն-Ադրբեջան հարաբերություններում որպես նախապայման առաջադրել ռազմագերիների և պահվող այլ անձանց ազատ արձակումը, ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը, ինչպես նաև խաղաղ բանակցությունների ճանապարհով առկա խնդիրների կարգավորումը:
*****
Իրանն ու Ռուսաստանը շուտով կարող են ավարտել 20 տարի ժամկետով համապարփակ համագործակցության մասին փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ «Մենք մշակել ենք նոր ծրագիր՝ հարևան երկրների հետ 20-ամյա համաձայնագրերի կնքման ճանապարհային քարտեզ։ Այդ գործընթացը Ռուսաստանի հետ գրեթե ավարտված է»,- հայտարարել է Խաթիբզադեն։ Նա նշել է, որ համաձայնագիրը նման է Չինաստանի հետ 25 տարի ժամկետով համակողմանի համագործակցության մասին պայմանագրին:
*****
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովին։ «Մենք խորապես մտահոգված ենք Սալեհ Ռուստամովի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ։ Ադրբեջանը պետք է մարդասիրական նկատառումներով ազատ արձակի նրան։ Ռուստամովին համապատասխան բուժօգնություն է անհրաժեշտ։ Նա արդեն 35 օր է հացադուլի մեջ է և մահամերձ»,- Թվիթերում գրել է Փրայսը։ Սալեհ Ռուստամովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ «Ժողովրդական ճակատ կուսակցության ապօրինի ֆինանսավորման» մեղադրանքով։ Իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ են ճանաչել։
*****
Ռուսաստանը չի ծրագրում ներխուժել Ուկրաինայի տարածք: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանն իր ուժերը տեղաշարժում է իր տարածքում, մենք կարող ենք դրանք ուղարկել դեպի այն շրջաններ, որտեղ վտանգ կա: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ԱՄՆ ռազմական ինքնաթիռները վայրէջք կատարում Ուկրաինայում, ԱՄՆ ռազմական տեխնիկան մոտենում է մեր սահմաններին»,- նշել է Պեսկովը: Նրա խոսքով՝ դա խնդիր է, քանի որ «Կիևին դրդում է» Դոնբասում հակամարտության ուժային լուծման։
*****
Օմիկրոն շտամի տարածման ֆոնին Շոտլանդիային սպառնում է կորոնավիրուսի լուրջ ալիք՝ հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը։ Նա նշել է, որ Շոտլանդիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր տարատեսակով վարակման 110 դեպք։ Մինչդեռ գրեթե երկու շաբաթ առաջ գրանցվել էր ընդամենը 9։ Սթերջենի կարծիքով՝ Օմիկրոնը կարող է առաջ անցնել Դելտա շտամից և գերիշխել երկրում: Գերմանիան շարունակում է պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ։ Բունդեսթագի պատգամավորները հավանություն են տվել համաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն պատվաստումը պարտադիր է դառնում մի շարք մասնագիտական խմբերի ներկայացուցիչների, այդ թվում՝ հիվանդանոցների և ծերանոցների անձնակազմերի համար։ Բացի այդ, դաշնային իշխանությունները լիազորություն են ստանալու հակահամաճարակային միջոցներ ձեռնարկել՝ փակել ակումբները, ռեստորանները, չեղարկել սպորտային և մշակութային միջոցառումները։ Ինդոնեզիան էլ դեկտեմբերի 24-ից սկսելու է 6-11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Ներկայում Ինդոնեզիայում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված է բնակչության 37 տոկոսը: Օմիկրոնով վարակման առաջին դեպքերն են գրանցվել նաև Լիբանանում, Սլովակիայում, Բահրեյնում, Մավրիկիոսում։