ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ռաֆայել Ժոզանը նախարարին տեղեկացրել է, որ ֆրանսիական ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են ՀՀ-ում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու աշխատանքներով։
Նախարարը նշել է, որ այդ ոլորտներում ներկայումս բազմաթիվ մրցութային գործընթացներ կան, և ցանկալի կլինի, որ ֆրանսիական ընկերությունները նույնպես հետաքրքրվածություն ցուցաբերեն և մասնակցեն այդ մրցութային գործընթացներին։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վեդու ջրամբարի կառուցման գործընթացը։ Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավար Արթուր Սողոմոնյանը նշել է, որ ջրամբարի կառուցման ժամկետների երկարաձգումը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, սակայն այլ խոչընդոտներ չլինելու դեպքում նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2022 թվականի վերջում։ Ֆրանսիական կողմը ևս հավաստիացրել է, որ, անկախ առկա դժվարություններից, կարվի առավելագույնը, որպեսզի աշխատանքներն ավարտվեն նշված ժամկետում։
Վեդիի ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, այդ թվում՝ 75 մլն եվրո վարկային միջոցներ։