2022 թ. հունվարին Ֆրանսիան կստանձնի Եվրոպական խորհրդի նախագահությունը: Նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել է դրա շրջանակում Փարիզի առաջնահերթությունները։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահությունը կնպաստի «եվրոպական մոդելի առաջընթացին», ինչը թույլ կտա ստեղծել աշխատատեղեր՝ միաժամանակ պահպանելով սոցիալական բարձր չափանիշները։ Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է նոր պաշտպանական ռազմավարություն սահմանի, որը կուժեղացնի նրա՝ ինքնապաշտպանվելու կարողությունը: Ֆրանսիայի առաջնահերթությունների թվում կլինի արտակարգ իրավիճակների արձագանքման համարժեք պոտենցիալի ձևավորումը՝ սահմաններին ճգնաժամի բախված ԵՄ երկրներին օգնելու համար: Ֆրանսիայի նախագահը Եվրամիությանը կոչ է արել կանոնավոր քաղաքական հանդիպումներ անցկացնել միգրացիոն հարցերի շուրջ, ինչպես եվրագոտու երկրներն են անում՝ տնտեսական հարցերի հետ կապված: Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության ընթացքում նախատեսվում են նաև գագաթնաժողովներ՝ ԵՄ պաշտպանական քաղաքականության, ինչպես նաև Աֆրիկայի ու Արևելյան Բալկանների հետ հարաբերությունների վերաբերյալ:
*****
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բնակչությանը կոչ է արել լինել համբերատար և վստահել կառավարության տնտեսական նոր մոդելին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախորդ ամիս երկրում գնաճը հասել է 3 տարվա առավելագույն մակարդակին՝ ավելի քան 21,3%-ի: «Գինը, որ հիմա վճարում ենք, կարդարացնի այն, ինչ ձեռք ենք բերելու»,- կառավարության նիստից հետո հայտարարել է Էրդողանը։ Նա հավելել է նաև, որ ֆինանսական շուկայի իրավիճակը, ի վերջո, կկայունանա: Թուրքիայում լիրայի արժեզրկումն ու տնտեսական ճգնաժամը սոցիալական մեծ լարվածություն են առաջացրել բնակչության շրջանում։ Լիրայի արժեզրկման պատճառով աճել է նաև գործազրկության մակարդակը։
*****
Ադրբեջանի «Հանուն քաղբանտարկյալների ազատության» միությունը հրապարակել է քաղաքական դրդապատճառներով ձերբակալված կամ դատապարտված անձանց թարմացված ցուցակը, որում ներառված է 122 ազգանուն։ Քաղբանտարկյալները ներկայացված են ըստ 6 խմբի՝ «Լրագրողներ և բլոգերներ», «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ», «Հավատացյալներ», «Թարթառի և Գանձակի գործով դատապարտվածներ», «Ցմահ բանտարկյալներ»։ Ցուցակը կազմվել է՝ հիմք ընդունելով «քաղբանտարկյալ» հասկացության համար ԵԽԽՎ-ի սահմանած չափանիշները:
*****
Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել Խորվաթիայի՝ Շենգեն գոտում ընդգրկվելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Խորվաթիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Դավոր Բոժինովիչը։ «ԵՄ անդամ երկրները միաձայն հաստատել են, որ Խորվաթիան կատարել է շենգենյան գոտու հետ կապված իրավական կարգավորումներից բխող բոլոր պարտավորությունները»,- ասել է նա։ Ակնկալվում է, որ Խորվաթիան կարող է դառնալ Շենգեն գոտու անդամ արդեն 2022 թվականի ընթացքում։
*****
Կիոտոյի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում, քան նախորդ տարբերակները։ Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ օմիկրոնը վաղ փուլում մոտ 4 անգամ ավելի վարակիչ է, քան դելտա շտամը։ ԱՀԿ-ի տվյալով՝ կորոնավիրուսի նոր տարատեսակը հայտնաբերվել է արդեն 57 երկրում։ Վերջին 24 ժամում օմիկրոնով վարակման առաջին դեպքերն են արձանագրվել Լիբանանում, Սինգապուրում և Կուբայում: Ռուսաստանում նույնպես շարունակում են գրանցվել օմիկրոնով վարակման նոր դեպքեր։ Նոր շտամը հայտնաբերվել է այլ երկրներից ժամանած 4 զբոսաշրջիկի մոտ։ Ավելի վաղ Ռուսաստանի տարածքում հաստատվել էր օմիկրոնով վարակման ևս 2 դեպք։