ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը բարձր է գնահատել բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բազմաշերտ համագործակցությունը և ընդգծել, որ երկու երկրները զարգացման մեծ պոտենցիալ ունեն ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքում այլընտրանքային ճանապարհի հետ կապված, բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող, ինչպես նաև ճանապարհային վճարների հետ կապված հարցեր։
Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, որով նախատեսվում է ճանապարհային վճարը վերափոխել կիլոմետրի դիմաց վճարի։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստ կլինի Տաթև-Լծեն ավտոճանապարհը։ Տաթև-Լծեն ճանապարհի կառուցմամբ նախ կկրճատվի դեպի Երևան ճանապարհը, ապա նաև կլուծվի ներկայումս առկա այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի հատվածների խնդիրը։
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆին ևս ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև տարանցման և ապրանքափոխանակման շատ ավելի մեծ պոտենցիալ է առկա, որը, միանշանակ, պետք է օգտագործել և խթանել ներդրումները։
Մեհդի Միրաշրաֆին նկատել է, որ պետք է համատեղ ծրագրված աշխատել, զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի հնարավոր լինի խորացնել առկա համագործակցությունը։