Գործադիրում վերադասավորումներն այսօր տրամաբանական ավարտին մոտեցան. վարչապետը նորանշանակ պաշտոնյաների ներկայացրեց աշխատակազմերին:
Ռոմանոս Պետրոսյանը մեկ տարուց ավելի ղեկավարեց Շրջակա միջավայրի նախարարությունը, երեկ նա նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար՝ փոխարինելով 2021-ի սկզբից պաշտոնը ստանձնած Տիգրան Ուլիխանյանին: Ներկայացնելով նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին՝ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Տիգրան Ուլիխանյանին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կառույցը նոր է և պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել:
Տիգրան Ուլիխանյան (ՊՎԾ նախկին ղեկավար) - Հաջողություն եմ մաղթում ձեզ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ, որպես ՀՀ վարչապետին ենթակա կարևորագույն մարմին, ձեր ծառայությունը լավագույն իրականացնելու գործում:
Նոր եռանդով ու նվիրումով՝ ամբողջ ներուժը ներդնելու է Պետական վերահսկողական ծառայության ինստիտուցիոնալ դերի բարձրացման համար. նման վստահությամբ է պաշտոնը ստանձնում Պետրոսյանը:
Ռոմանոս Պետրոսյան (ՊՎԾ ղեկավար) - Ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում պետք է բոլորս ականատես լինենք խորքային բարեփոխումների, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրագործմանը:
Արդեն ՊՎԾ պետ Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում կփոխարինի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը: Վարչապետ Փաշինյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին:
Նիկոլ Փաշինյան - Շրջակա միջավայրի ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանի համար, այլև գլոբալ առումով ունի ռազմավարական նշանակություն: Իհարկե, այստեղ Հայաստանի Հանրապետությունը պիտի հանդես գա որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, և մեր ազգային քաղաքականությունը նույնպես պիտի հիմնված լինի այս տրամաբանության և մեր ազգային պետական շահերի վրա:
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Այն ծրագրերը, որ այժմ իրականացվում են նախարարության կողմից, կլինեն շարունակական, և կփորձենք ավելի արդյունավետ դարձնել աշխատանքները:
Նախարարը հույս է հայտնել, որ ծրագրերով կպահպանեն շրջակա միջավայրն ու կնպաստեն նաև տնտեսական զարգացմանը:
Հեղինակ՝ Անի Օհանյան