Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Հակոբ Սիմիդյանին:
«Պարոն Պետրոսյանը նոր պաշտոն է ստանձնելու: Գիտեք՝ արդեն նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Պարոն Սիմիդյանն առաջին անգամ է նշանակվում կառավարության անդամ, և ուզում եմ նրան հաջողություններ մաղթել այս կարևոր ու պատասխանատու պաշտոնում: Շրջակա միջավայրի ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանի համար, այլև գլոբալ առումով ունի ռազմավարական նշանակություն: Իհարկե, այստեղ Հայաստանի Հանրապետությունը պիտի հանդես գա որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, և մեր ազգային քաղաքականությունը նույնպես պիտի հիմնված լինի այս տրամաբանությամբ և մեր ազգային պետական շահերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և շնորհավորել Հակոբ Սիմիդյանին. «Շուրջ մեկուկես տարի համագործակցությամբ բավականին բարեփոխումներ ենք նախաձեռնել այս թիմով, ինչը նաև զուգադիպեց մեր պետւթյան համար բավականին դժվար շրջափուլի հետ: Վստահ եմ՝ այս թիմը պատվով դուրս եկավ այս շրջանից: Պարոն Սիմիդյանին շնորհավորում եմ նոր նշանակման կապակցությամբ: Քաջածանոթ լինելով մեր քաղաքական գործընկերոջ անձնական և մասնագիտական որակներին՝ վստահ եմ, որ նույն թիմով և տարբեր փոխատեղումներով պարոն Սիմիդյանը նոր նշաձող կսահմանի Շրջակա միջավայրի կառավարման կարևորագույն ոլորտում»:
Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Պետրոսյանին նման բարդ ոլորտը բարդ շրջանում ղեկավարելու համար: Այն ծրագրերը, որ այժմ իրականացվում են նախարարության կողմից, կլինեն շարունակական, և կփորձենք ավելի արդյունավետ դարձնել աշխատանքները: Հույս ունեմ, որ դրանցով մենք շրջակա միջավայրին և, ինչու չէ, տնտեսությանը զարկ կտանք և կզարգացնենք»,- ասել է Հակոբ Սիմիդյանը: