Արեն Գասպարյան (Իջևանի բնակիչ, 7 տ․) - Էն ժամանակ էլ ես ու Գոռը խաղում էինք, գնդակն ընկավ մի քարի վրա, գնդակը ծակվեց, մենք էլ թազա առանք:
Երեխաները միմյանց հերթ չտալով՝ պատմում են իրենց գլխով անցածը, դեռ մեկ ամիս առաջ շենքի անհարթ ու անհարմար բակում խաղալը ավելի շատ փորձություն էր: Բնակելի շենքի բակի ու շրջակայքի ասֆալտապատումից գոհ են թե՛ փոքրերը, թե՛ մեծերը: 84-ամյա Օֆելյա տատը, ճիշտ է, հաճախ տնից դուրս չի գալիս, բայց պատուհանից էլ ամեն ինչ տեսնում է: Հիմա ավելի շատ երեխաների համար է հանգիստ:
Օֆելյա Նալբանդյան (Իջևանի բնակիչ) - Փոսերը շատ էին, երեխեքը չէին կարողանում խաղան, փոշուց պրծել ենք, աղբից պրծել ենք, ամեն ինչ քաղաքավարի է ու լավ:
Պավլիկ Օրդինյանը մոտ 50 տարի Իջևանի կենտրոնական տարածքի այս շենքում է ապրում, չի հիշում, թե վերջին անգամ երբ է ասֆալտապատվել բակը:
Պավլիկ Օրդինյան (Իջևանի բնակիչ) - 2-րդ անգամ եմ տեսնում, բայց առաջին անգամ չեմ հիշում, շատ վաղուց է եղել: Առաջ անձրևի ժամանակ համարյա անցնել չէր լինում, հիմա լավ է:
Սա մարզկենտրոնում սուբվենցիոն ծրագրով բարեկարգված միակ բնակելի շենքի բակը չէ: Ընդհանուր առմամբ այս տարի ասֆալտապատվել է 9450 քմ տարածք՝ 110 մլն դրամ արժեքով, որի 40 տոկոսը՝ պետբյուջեից:
Արթուր Այդինյան (Իջևանի համայնքապետարանի տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնի պետ) - 2021 թ. համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքները՝ Անկախության և Աբովյան փողոցի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերը: Շենքերի բակային հատվածները ասֆարտապատվել են մինչև մուտքերը, շենքեր կան, նախկինում շուրջը գազոններ են եղել, վերականգնվել են կանաչ գոտիները:
Եվ սա միայն սկիզբն է, ասում Արթուր Այդինյանը, հաջորդ տարի ևս մտադիր են շարունակել․
Արթուր Այդինյան - Իջևանում կա 105 բազմաբնակարան բնակելի շենք, նպատակ ունենք քաղաքի բոլոր բնակելի շենքերի բակերը հիմնանորոգել:
Վերջերս էլ ավարտվել է բազմաբնակարան մի շենքի՝ ներս ու դրսից ամբողջական բարեկարգումը: Սուբվենցիոն ծրագրերը Իջևանում մեկնարկել են դեռ 2019-ից՝ ճանապարհաշինությամբ: Մինչ այժմ ասֆալտապատվել են քաղաքի 2 կմ ընդհանուր երկարությամբ փողոցներ, սալարկվել՝ 310 գծամետր ճանապարհ: Պատասխանատուների հավաստմամբ՝ այս շարունակելի գործերը տեղ կգտնեն արդեն խոշորացված համայնքի նոր ծրագրերում ևս: