ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «3+3»-Ի ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը՝ Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար: Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին:
Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել ձևաչափի աշխատանքին Վրաստանի միանալու առնչությամբ:
Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Վահե Գևորգյանը:
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ 122 ԱՆՈՒՆ
Ադրբեջանի «Հանուն քաղբանտարկյալների ազատության» միությունը հրապարակել է քաղաքական դրդապատճառներով ձերբակալված կամ դատապարտված անձանց թարմացված ցանկը, որում ներառված է 122 ազգանուն։ Քաղբատարկյալները ներկայացված են ըստ 6 խմբի՝ «Լրագրողներ և բլոգերներ», «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ», «Հավատացյալներ», «Թարթառի և Գանձակի գործով դատապարտվածներ», «Ցմահ բանտարկյալներ»։
Ցանկը կազմվել է՝ հիմք ընդունելով «քաղբանտարկյալ» հասկացության համար ԵԽԽՎ-ի սահմանած չափանիշները:
ՌԴ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻՆ С-400 ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ
Ռուսաստանը մտադիր է Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակ մատակարարել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Անդրադառնալով Թուրքիայի դեմ ռուսական արտադրության C-400-ների ձեռքբերման համար ԱՄՆ պատժամիջոցների հարցին՝ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ին երբևէ չի հաջողվել ստիպել որևէ երկրի՝ փոխել իր դիրքորոշումը կամ կարծիքը: «Մենք բաց ենք տարբեր երկրների հետ համագործակցության համար»,- եզրափակել է նա:
ՖՐԱՆՍԻԱՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
2022 թ. հունվարին Ֆրանսիան կստանձնի Եվրոպական խորհրդի նախագահությունը: Նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել է նախագահության շրջանի Փարիզի առաջնահերթությունները։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահությունը կնպաստի «եվրոպական մոդելի առաջընթացին», ինչը թույլ կտա ստեղծել աշխատատեղեր՝ միաժամանակ պահպանելով սոցիալական բարձր չափանիշները։
Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է նոր պաշտպանական ռազմավարություն սահմանի, որը կուժեղացնի նրա՝ ինքնապաշտպանվելու կարողությունը: Ֆրանսիայի առաջնահերթությունների թվում կլինի արտակարգ իրավիճակների արձագանքման համարժեք պոտենցիալի ձևավորումը՝ սահմաններին ճգնաժամի բախված ԵՄ երկրներին օգնելու համար:
Ֆրանսիայի նախագահը Եվրամիությանը կոչ է արել կանոնավոր քաղաքական հանդիպումներ անցկացնել միգրացիոն հարցերի շուրջ, ինչպես եվրագոտու երկրներն են անում տնտեսական հարցերի հետ կապված:
Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության ընթացքում՝ նախատեսվում են նաև գագաթնաժողովներ՝ ԵՄ պաշտպանական քաղաքականության, ինչպես նաև Աֆրիկայի ու Արևելյան Բալկանների հետ հարաբերությունների վերաբերյալ:
ՕՄԻԿՐՈՆ ՇՏԱՄԸ 4 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՎԱՐԱԿԻՉ Է
Կիոտոյի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ կորոնավիրուսի նոր Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում, քան նախորդ տարբերակները։ Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Օմիկրոնը վաղ փուլում մոտ 4 անգամ ավելի վարակիչ է, քան Դելտա շտամը։
ԱՀԿ-ի տվյալով՝ կորոնավիրուսի նոր տարատեսակը հայտնաբերվել է արդեն 57 երկրում։
Վերջին 24 ժամում միկրոնով վարակման առաջին դեպքերն են արձանագրվել Լիբանանում, Սինգապուրում և Կուբայում:
Ռուսաստանում նույնպես շարունակվում են գրանցվել Օմիկրոնով վարակման նոր դեպքեր։ Նոր շտամը հայտնաբերվել է այլ երկրներից ժամանած 4 զբոսաշրջիկի մոտ։ Ավելի վաղ Ռուսաստանի տարածքում հաստատվել էր Օմիկրոնով վարակման ևս 2 դեպք։