Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խոսել է Արցախում հետպատերազմյան խնդիրների ու նաև առաջիկա անելիքների մասին:
«Պատերազմից հետո ունենք անվտանգային, մարդասիրական, տնտեսական, ժողովրդագրական և մի շարք այլ ուղղություններով խնդիրներ, որոնց մի մասը պայմանավորված է պատերազմի ուղիղ հետևանքներով, մի մասն ավելի երկարաժամկետ ու խորքային է, բնորոշ նախապատերազմյան շրջանին:
Պատերազմի հետևանքների վերացման ճանապարհին ունենք հաջողություններ այն տեսանկյունից, որ պատերազմից հետո մեր Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ կարողացել ենք ապահովել խոշոր առումով անվտանգ միջավայր, չհաշված պարբերաբար տեղի ունեցող դրվագները, որոնք նաև մարդկային կյանքեր են խլում:
Սակայն այն, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ առկա չեն, ինքնին հաջողություն է այս ժամանակահատվածում, բայց դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք այս հաջողություններով: Մեծ աշխատանք կա կատարելու մեր, նաև ՀՀ-ի, միջազգային գործընկերների կողմից, որպեսզի ավելի երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ունենանք»,- ասաց Բեգլարյանը:
Չնայած անվտանգային խնդիրներին ու անորոշություններին՝ Բեգլարյանի խոսքով, կան հաջողություններ ժողովրդագրական տեսանկյունից:
«Այն, որ Արցախում արդեն շուրջ 120 հազար հայ է բնակվում, բավականին լուրջ ցուցիչ է, որ Արցախի հայությունը պատրաստ է իր հայրենիքում ապրել, արարել նույնիսկ այս տիպի անվտանգային ռիսկի պայմաններում»,- ասել է Բեգլարյանը: