2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի 10 առանցքային անդամների դատավճիռը մասնակի բեկանվել է։
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժել է պաշտպանական կողմի բողոքը, փոխարենը՝ մասնակի բավարարել մեղադրող դատախազինը։ Մասնավորապես, Արմեն Բիլյանը մեղավոր է ճանաչվել ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար և դատապարտվել 25 տարվա ազատազրկման։
Հաշվակցելով Բիլյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 20 տարի 9 ամիս ազատազրկումը։ Վերաքննիչ դատարանը փոփոխել է նաև Բիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը և մինչև այս որոշման օրինական ուժի մեջ մտնելը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Նրան կալանավորել են դատական նիստերի դահլիճում։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը սպանության դրվագով արդարացրել էր Արմեն Բիլյանին, սակայն մեղավոր ճանաչել մյուս մեղադրանքներում և վերջնական պատիժ նշանակել 4 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը։
Դատավճիռը մյուսների մասով մնաց անփոփոխ։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան