Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, ընդգծվել են դրանց կարևորությունը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն: Կոմիտեի ղեկավարը կարևորել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ հետագա համագործակցությունն ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում։
Առաջիկայում ՊԵԿ-ը ԶՖԳ-ին կներկայացնի այն ուղղությունները, որոնց շրջանակում կցանկանա շարունակել համագործակցությունը։
Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանը նույնպես կարևորել է ՊԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը և գոհունակություն հայտնել ներկա ծրագրի ընթացիկ աշխատանքներից: