Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը։
«Մեզ համար պատիվ է այսօր Ձեզ հյուրընկալել Շիրակի մարզում, արդեն փոխգործակցության նախադրյալներ ունենք, լիահույս եմ՝ այն կարևոր առաքելությունը, որ իրականացնում եք Հայաստանում, շարունակական կլինի»,- նշել է Շիրակի մարզպետը։
Կարևորելով Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությունը՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզից գերեվարվածների վերադարձի և հումանիտար աջակցությանն առնչվող հարցեր։
Ջագան Չափագանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ընդունելության համար ու նշել, որ վերահաստատում է Հայաստանի կողքին գտնվելու պատարաստակամությունը, իսկ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։
Մարզպետը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը Շիրակի մարզում, մասնավորապես, անդրադառնալով համայնքների դիմակայունության բարձրացմանը, պատերազմի, աղետների հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերին։
Կարևորելով մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը։