Հայկական արտադրության տեսախցիկներն արդեն մի քանի ամիս է՝ ապահովում են Ռուսաստանի դպրոցների անվտանգությունը: Գարնանը հիմնված և արդեն օգոստոսից առաջին արտադրանքը թողարկած ընկերությունում վստահեցնում են՝ որակի հետ կապված բողոքներ չունեն:
Արթուր Վարդապետյան («Ինտերակտիվ սմարթ տեքնոլոջի» ընկերության հիմնադիր տնօրեն) - Որևէ լուրջ խնդիր չենք ունեցել մեր տեսախցիկների մեջ:
Թեև տեսախցիկի մասերը ներկրվում են արտերկրից, սակայն աշխատանքի կեսից ավելին կատարվում է Հայաստանում և հավաստագրված է որպես հայկական արտադրանք:
Անվտանգության տեսախցիկն ունի դեմքի ճանաչման հնարավորություն, աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական ծրագրով: Արտահանման երեք պայմանագրով ստանձնած պարտավորություններն արդեն ամբողջությամբ կատարել են: Տեսախցիկներին զուգահեռ, որոշել են հաջորդ տարի արտադրել իներակտիվ գրատախտակներ, 3D տպիչներ, նաև դպրոցական լաբորատորիաներ:
Արթուր Վարդապետյան - Քիմիայի դասարանի, ֆիզիկայի, էկոլոգիայի դասարանների համար:
Որպես հիմնական սպառման շուկա՝ դիտարկում են ԵԱՏՄ երկրները: Որ արտադրությունը կայանար, հարկային արտոնություններից օգտվելու համար դեռևս տարեսկզբին դիմել էին Կառավարություն, հաշվառվել «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: Չորս ամսվա արտադրական գործունեության արդյունքներից դժգոհ չեն:
Արթուր Վարդապետյան - Մեր շրջանառությունը այս տարի մոտ 45 միլիոն դրամ է:
Վստահ են՝ հաջորդ տարի շրջանառությունը մի քանի անգամ կկրկնապատկեն: Արտադրությունը սկսել են չորս աշխատողով, հաջորդ տարի ավելի քան 20 աշխատող են ունենալու, 150 հազարից 200 հազար աշխատավարձով: Մասնագետների կարիք ունեն: