ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ՀՂԵԼ ԻՐ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բնակչությանը կոչ է արել լինել համբերատար և վստահել կառավարության տնտեսական նոր մոդելին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախորդ ամիս երկրում գնաճը հասել է 3 տարվա առավելագույն մակարդակին՝ 21,3%-ի:
«Գինը, որ հիմա վճարում ենք, կարդարացնի այն, ինչ ձեռք ենք բերելու»,- կառավարության նիստից հետո հայտարարել է Էրդողանը։ Նա հավելել է նաև, որ ֆինանսական շուկայի իրավիճակը, ի վերջո, կկայունանա:
Թուրքիայում լիրայի արժեզրկումն ու տնտեսական ճգնաժամը սոցիալական մեծ լարվածություն են առաջացրել բնակչության շրջանում։ Լիրայի արժեզրկման հետևանքով աճել է նաև գործազրկության մակարդակը։
ԽՈՐՎԱԹԻԱՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄՏՆԵԼ ՇԵՆԳԵՆ ԳՈՏԻ
Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել Խորվաթիայի՝ Շենգենգոտում ընդգրկվելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Խորվաթիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Դավոր Բոժինովիչը։ «ԵՄ անդամ երկրները միաձայն հաստատել են, որ Խորվաթիան կատարել է շենգենյան գոտու հետ կապված իրավական կարգավորուներից բխող բոլոր պարտավորությունները»,- ասել է նա։ Ակնկալվում է, որ Խորվաթիան կարող է դառնալ Շենգեն գոտու անդամ արդեն 2022 թվականի ընթացքում։
ՍՊՈՐՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ. ՊԵԿԻՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անարդյունավետ է որակել Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու՝ Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների որոշումը՝ հորդորելով չքաղաքականացնել օլիմպիական շարժումը։
«Մենք պետք է օգնենք Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ կատարել իր աշխատանքը Չինաստանում և ապահովել բոլոր մարզիկների անվտանգությունը»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիական կողմը կարևորում է նաև, որ Եվրոպան միասնական դիրքորոշում որդեգրի Պեկինի օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի առնչությամբ։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ իրենց պետական պաշտոնյաները ներկա չեն լինի խաղերին՝ Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով:
Պաշտոնական Պեկինը Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը «ֆարս» է անվանել՝ հիշեցնելով՝ սպորտը քաղաքականության հետ կապ չունի:
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-22-ը:
ԵՄ ԱՆԴԱՄ 15 ԵՐԿԻՐ ԿԸՆԴՈՒՆԻ 40 ՀԱԶԱՐ ԱՖՂԱՆՍՏԱՆՑԻ
Եվրամիության անդամ 15 երկիր համաձայն է ընդունել 40 հազար աֆղանստանցի փախստականի: Այս մասին հայտարարել է Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը։ Գերմանիան կընդունի 25,000, Նիդեռլանդները՝ ավելի քան 3000, Ֆրանսիան՝ 2500 փախստականի:
«Կարծում եմ՝ սա համերաշխության տպավորիչ դրսևորում է»,- նշել է Յոհանսոնը՝ հավելելով, որ եթե աֆղանստանցիների մուտքը Եվրամիության տարածք վերահսկվի, դա թույլ կտա խուսափել «անկանոն հոսքերից»: ԵՄ անդամ 15 երկրները, սակայն, աֆղանստանցիներին ընդունելու հստակ ժամկետներ դեռևս չեն նշել։
ՄԵՔՍԻԿԱՅԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Մեքսիկայի հարավում կցորդիչով բեռնատարի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, տուժել են շուրջ 30-ը:
Բեռնատարում գտնվել են միգրանտներ Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներից, որոնք ուղևորվում էին դեպի Միացյալ Նահանգների հետ սահման:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ցավակցություն Է հայտնել զոհված օտարերկրացիների հարազատներին և կարգադրել Է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին: