Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը ներկա են եղել Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ժոզանը, ինչպես նաև դեսպանատան և գործակալության ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարևորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումը հատկապես կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև շեշտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:
Տիկին դեսպանն իր խոսքում նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի հետագա ընդլայնման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:
ԶՖԳ տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հայտնել է կազմակերպության պատրաստակամությունը՝ ապագայում ևս Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումներին համահունչ նոր ծրագրեր մշակելու հարցում»,- նշված է գրառման մեջ: