30 տարի առաջ ճիշտ այս օրն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և խաղաղ բնակչության հրետակոծության պայմաններում արցախցին իրավական ճանապարհով ամրագրեց անկախ ապրելու իր որոշումը: Հանրաքվեին մասնակցածների 99,89%-ը «Այո» ասաց անկախությանը:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Այս երեսնամյա երթը որքան էլ դժվարին ու արնաշաղախ էր, սակայն կարողացել ենք համազգային ջանքերով կերտել ու որոշակիորեն ամրապնդել մեր պետականությունը՝ շարունակելով Արցախյան շարժման արժեքաբանական ընթացքը:
Անկախության հանրաքվեի անցկացումն արցախյան կողմի հերթական փորձն էր՝ կանխել մոտալուտ պատերազմը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել իրավական և քաղաքական հարթություն:
Դավիթ Բաբայան, Արցախի արտաքին գործերի նախարար - Արցախի հռչակումը և այնուհետև դեկտեմբերի 10-ի հանրաքվեն ինչ-որ տեղ թեթևացրեց մայր Հայաստանի բեռը, որովհետև թշնամին փորձում էր ազատագրական պայքարը ներկայացնել որպես տարածքային վեճ: Հանրաքվեով հաստատվեց, որ սա ազգերի ինքնորոշման ու մարդու իրավունքների պայքար է:
Արթուր Թովմասյան, Արցախի ԱԺ նախագահ - Ցավոք սրտի, մեր անկախության հռչակմանն Ադրբեջանը մեզ պատասխանեց երեք պատերազմով՝ Արցախյան առաջին պատերազմ, 2016 Ապրիլյան պատերազմ և 2020թ. արյունոտ պատերազմը:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին, Ադրբեջանը 30 տարվա ընթացքում որդեգրեց ապակառուցողական վարքագիծ՝ խափանելով բանակցային գործընթացը: 2020-ին սանձազերծած պատերազմի հետևանքով Ադրբեջանն օկուպացրեց Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշին, Հադրութը և մի շարք այլ բնակավայրեր:
Արցախի արտաքին գործերի նախարարություն - «Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում»:
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ 30 տարվա ընթացքում երկրի հիմնական քաղաքական առաջնահերթությունները մնացել են նույնը՝ անվտանգություն և միջազգային ճանաչում:
Արտակ Բեգլարյան, Արցախի պետական նախարար - Անվտանգությունից բացի և դրա հետ առնչակից, մենք ունենք մի շարք այլ առաջնահերթություններ, օրինակ՝ ժողովրդագրական իրավիճակը, աճող ժողովրդագրությունը, կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը և ներքին կառավարման, կրթության, առողջապահության և մի շարք այլ ուղղություններ, որոնք մեզ համար ևս առաջնահերթություններ են՝ երկարաժամկետ հատվածում:
Առաջնահերթությունների առավել մանրամասն ցանկ է հրապարակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահն ընդգծել է՝ չնայած Ադրբեջանի նպատակային սադրանքներին, ռուսական խաղաղապահ զորակազմի և Պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն:
Արայիկ Հարությունյան - Արցախի իշխանություններն ու ժողովուրդը կարծում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը: Եվ այդ հարցում Արցախի ժողովրդի կարիքն ու կարծիքը պետք է լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց մենք ենք խաղաղապահ առաքելության հիմնական շահառուները: Պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու իրավիճակի առանձնահատկությունները:
Պատահական չէ, որ Արցախի անկախության հանրաքվեն անցկացվել է հենց դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Արցախի սահմանադրությունը 2006 թվականին ևս ընդունվել է դեկտեմբերի 10-ին:
Արտակ Բեգլարյան - Սիմվոլիկ առումով՝ սա մեզ համար մարդու իրավունքների, ազատությունների եռատոն է, և հենց այսօր, պատերազմից հետո էլ մեզ համար սա բազմակի անգամ կարևոր է, որպեսզի մեր անկախության և սահմանադրական հանրաքվեների ժամանակ ընդունված արժեքները, սկզբունքները մեզ համար շարունակեն ուղենիշ լինել և մեր պայքարում հիմնական նպատակները լինեն:
Անկախության հանրաքվեի անցկացման և Սահմանադրության օրվա կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախի ղեկավարությունը` ծաղիկներ խոնարհելով Զինվորական պանթեոնում։ Չնայած արցախահայության տեսած երեք պատերազմներին, առկա հումանիտար խնդիրներին ու Ադրբեջանի շարունակական սադրանքներին, երկրի ղեկավարությունն արձանագրում է՝ Արցախը կանգուն է, իսկ անկախության ընտրված ճանապարհին ժողովրդի կամքն անսասան:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան