Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք իրավունք ունեն սոցիալական փաթեթով պետական աշխատողներին մատուցել ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում: Սոցփաթեթի ծառայությունների ուղղությունները լրացվել են և ստոմատոլոգիականն այս տարի է ներառվել ցանկում:
Հայաստան Հակոբյան, ԱՆ պետական առողջապահական գործակալության պայմանագրերի գործընթացի կազմակերպման բաժնի պետ - Ես ուզում եմ այստեղ մի նկատառում անել, որ շփոթության մեջ չգցեն մեր քաղաքացիներին, մեր սոցփաթեթի շահառուներին: Սա համարվում է լրացուցիչ ծառայություն, որը հիմնական առողջապահական փաթեթի հետ կապ չունի, լրացուցիչ փաթեթ ասելով՝ հասկանում ենք այն 72 հազար դրամը, որը շահառուն կարող է այս կամ այն նպատակով օգտագործել:
Եթե սոցիալական փաթեթի մյուս ուղղությունների դեպքում կարող են օգտվել նաև շահառուի ընտանիքի անդամները, ապա ստոմատոլոգիական ծառայությունները նախատեսված են միայն սոցփաթեթի շահառուի համար: Առավելագույնը մինչև 72 հազար դրամի սահմաններում կարող են տրամադրվել թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ՝ ատամի կարիեսի կամ դրա բարդությունների բուժում, այդ թվում՝ պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով, ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ), ատամի հեռացում՝ ըստ ցուցումների՝ սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված:
Առողջապահության նախարարի հրամանով հաստատված ցանկում շուրջ 70 ստոմատոլոգիական կազմակերպություն է, որոնք բաշխված են Երևանում ու բոլոր մարզերում: Սոցփաթեթի շահառուները կսպասարկվեն, և դրա դիմաց կվճարի պետությունը: Իսկ թե ինչ սկզբունքով են ընտրվել այս կազմակերպությունները, պետական առողջապահական գործակալության պաշտոնյան ասում է.
Հայաստան Հակոբյան - Սկզբունքը հետևյալն է. առանջնահերթ ընդգրկել պետպատվեր իրականացնող այն բժշկական կազմակերպությունները, որոնք ունեն ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնելու համապատասխան տեսակի լիցենզիա, որից հետո հրամանին զուգընթաց նաև կայքում տեղադրվել է հայտարարություն՝ ի լուր ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնող այլ կազմակերպությունների, որոնք ցանկություն ունեն այդ ցանկում ընդգրկվելու, որովհետև ցանկն ի վիճակի է համալրման՝ համապատասխան փոփոխությունով:
Ստոմատոլոգիական կենտրոններից մեկում ասացին՝ սոցփաթեթով դեռ որևէ պացիենտի այդպիսի բուժօգնություն չեն տրամադրել, որովհետև նոր են տեղեկացել նախարարի հրամանով հաստատված ցանկում ներառվելու մասին: Բայց նկատեցին, որ սոցփաթեթի շահառուները նախկինում պարբերաբար են դիմել իրենց՝ հույս ունենալով, որ նաև ստոմատոլոգիական օգնություն կստանան:
Տիգրան Խաչատրյան, ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն - Քանի որ սոցփաթեթով ստոմատոլոգիան չի սպասարկվել, հետևաբար սպասարկում չեն ստացել, սակայն ուրախ ենք, որ այսուհետ կարող են սպասարկվել մեր կենտրոնում՝ սոցփաթեթի շրջանակում:
Տիգրան Խաչատրյանը փաստում է, որ պետությունը սոցփաթեթի շահառուների համար կլինիկային փոխհատուցելու է այնքան գումար, որքան իրենց վճարովի ծառայությունների արժեքն է, հետևաբար որակի վերաբերյալ հնարավոր թերահավատությունն անտեղի կլինի:
Տիգրան Խաչատրյան - Որևիցե խոչընդոտ չկա, որպեսզի պացիենտն ստանա մաքսիմում որակով սպասարկում:
Սոցփաթեթի շահառուները ստոմատոլոգիական ծառայություններ ստանալու իրավունք ունեն դեկտեմբերի 1-ից:
Հեղինակ՝ Աննա Զախարյան