Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկել հասարակական տրանսպորտը: Ավանում ոչ միայն ներքաղաքային, այլև միջմարզային երթուղիներն ստուգեցին ու խախտումներ հանդիպելիս արձանագրություն կազմեցին:
Արթուր Արաբաչյան, ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի պետ - Հոկտեմբեր ամսին կազմվել է մոտ 750 արձանագրություն, իսկ նոյեմբեր ամսին՝ 230: Թվերը ցույց են տալիս, որ գրեթե երեք անգամ նվազել է արձանագրությունների թվաքանակը: Ըստ էության, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ բավական դրական տեղաշարժ ունենք դիմակների կրման, ախտահանիչ հեղուկների հետ կապված:
Խախտումները նվազել են, բայց առավոտյան և երեկոյան ներքաղաքային տրանսպորտը շարունակում է գերբեռնված երթևեկել: Տեսուչներն առաջին անգամ նախազգուշացնում, երկրորդ անգամ նույն խնդիրը հանդիպելիս արդեն տուգանում են: Վերջին օրերին ավելի շատ արձանագրություններ կազմել են վարորդական փաստաթղթերի հետ կապված:
Գոռ Հարությունյան, ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի փորձագետ - Ստուգում ենք մեքենայի տեխանձնագրի ժամկետի առկայությունը, ճանապարհային թերթիկի մեջ բուժակի և մեխանիկի նշագրումների առկայությունը: Այս պահին արդեն իսկ թերություն է հայտնաբերվել, տվյալ տրանսպորտային միջոցում բացակայում է բուժակի և մեխանիկի նշագրումները:
Ճանապարհային ոստիկանության պարեկներն արձանագրում են՝ 10-ից 2-ի մոտ վարորդական փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան: Մեկում բուժակ-մեխանիկը չի ստորագրել, երկրորդում մեքենայի տեխանձնագրի ժամկետն է լրացել:
Ռաֆիկ Վարդանյան, պարեկ - Երբ դուրս ենք գալիս ծառայության տեսչական մարմնի հետ, այդ ժամանակ բոլոր տրանսպորտային երթուղային միջոցները կանգնեցնում ենք և ավելի մանրակրկիտ ենք ուսումնասիրում, խախտումներ հայտնաբերում:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Մյասնիկյան պողոտայում այսօր կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց ստուգեց և 6 արձանագրություն կազմեց: