Գազալցակայաններում և բենզալցակայաններում վերահսկողությունը կխստացվի: Կառավարության որոշմամբ լրացումներ են կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում:
Ժաննա Զաքարյան (ՀՀ ԷՆ որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ) - Պարբերաբար բողոքներ էին ստացվում, որ վառելիքաբաշխիչ աշտարակների միջոցով վառելիքի վաճառքի ժամանակ թերլցումներ են արձանագրվում:
Այսուհետև տնտեսվարողները պարտավոր են վառելիքաբաշխիչ աշտարակներում ունենալ նոր սարք: Այն բացառելու է անհարկի միջամտությունները, որի արդյունքում թերլցումները կբացառվեն:
Ժաննա Զաքարյան - Օնլայն ռեժիմում աշխատող սարք է լինելու է, և ցանկացած միջամտություն կգնա շուկայի վերահսկողության տեսչություն, ու եթե կա խախտում, դա կարձանագրվի որպես միջամտություն:
Բենզալցակայաններն այսուհետև պարտավոր են ունենալ նաև ստուգաչափ տարաներ, որոնց միջոցով ցանկացած պահի վարորդը կարող է ստուգել ձեռք բերվող վառելիքի քանակը:
Ժաննա Զաքարյան - Թեև կա խնդիր մենք փորձել ենք իրավական լուծումն ապահովել:
Խախտումներ արձանագրվելու դեպքում տնտեսվարողը ենթարկվելու է վարչական պատասխանատվության: Համապատասխան սարքի բացակայության դեպքում տնտեսվարողը՝ գազալցակայանը կամ բենզալցակայանը, տուգանվելու է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Ժաննա Զաքարյան - Ցանկացած միջամտության դեպքում, որը կարող է հանգեցնել չափագիտական նորմերի փոփոխության, տնտեսվարողը կտուգանվի 500 հազար դրամով:
Մեկ տարվա ընթացքում կրկին խախտում արձանագրվելու դեպքում տնտեսվարողն արդեն կտուգանվի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան