Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում:
«Մենք մեր ունեցած լծակները կիրառում ենք, նաև ՀՀ պատկան մարմինների հետ ենք աշխատում, որպեսզի իրենց խողովակով էլ տեղեկատվություն փոխանցվի, ճնշում գործադրենք համապատասխան միջազգային մարմինների հանդեպ, բայց արդյունքը տեսանելի չէ: Մեզ համար արդյունք կլիներ, եթե, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն այցելեր Արցախ ու ընդհանրապես օկուպացված տարածքներ, հետաքննության մեխանիզմներ ներդներ:
Բայց արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրապարակավ հայտարարել է, որ ցանկանում է մտնել, նույնիսկ քանիցս հասցեական նշել է, որ ադրբեջանական կողմից խոչընդոտներ կան, բայց իրենք որևէ համարձակ որոշում չեն կայացնում, հատկապես այն դեպքում, երբ ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի կառույցները միջազգային իրավունքով այդ հնարավորությունն ունեն՝ պետությունների կամքից անկախ կամ կամքին հակառակ այցելելու տարբեր տարածքներ, որպեսզի կարողանան պաշտպանել մարդու իրավունքները և վերահսկել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- ասաց Բեգլարյանը: