Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հարուստ երկրներին խնդրել է եսասեր չլինել և չշտապել երրորդ պատվաստման հարցում, երբ աշխարհում ոչ բոլորն ունեն առաջինը ստանալու հնարավորությունը՝ հայտնում է BBC-ն:
ԱՀԿ-ն հայտարարել է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք լիովին պատվաստվածներին անհրաժե՞շտ է ստանալ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը Քովիդ-19-ի Օմիկրոն տարբերակից պաշտպանվելու համար: Կազմակերպությունը հորդորել է հարուստ երկրներին՝ չշտապել և չսրել պատվաստանյութերի հասանելիության հետ կապված անհավասար մոտեցումը։
ԱՀԿ-ի պատվաստանյութերի բաժնի ղեկավարը զգուշացրել է, որ եթե հարուստ երկրները սկսեն պատվաստանյութեր կուտակել բացառապես իրենց քաղաքացիների համար, դա միայն կերկարաձգի համաճարակը։
Եվրամիության երկրներն էլ որոշել են սահմանել պատվաստումների վկայականների միասնական տևողություն, որն անհրաժեշտ է ճանապարհորդությունների և հասարակական վայրեր այցելությունների համար։
Այս հարցով զբաղվող ԵՄ հանձնաժողովն առաջարկել է միասնական ժամկետ ընդունել վերջին պատվաստման օրվանից ինը ամիսը, որը կգործի ԵՄ բոլոր երկրներում։
Այժմ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է սահմանում պատվաստումների վկայականի տևողությունը։ Ֆրանսիայում և Կիպրոսում վերջին պատվաստման պահից այն յոթ ամիս է, Հունաստանում՝ վեց ամիս։
Քննարկվում է նաև պարտադիր պատվաստման հարցը, որը տարաձայնությունների պատճառ է դարձել: Մեծ Բրիտանիան, օրինակ, դեմ է պարտադիր պատվաստմանը, մինչդեռ Ավստրիան և Հունաստանը նախատեսել են հունվարից այն պարտադիր դարձնել, և սահմանվել են տուգանքներ: Ավստրիայում այն կկազմի 3,6 հազար եվրո: Գերմանիան առայժմ քննարկում է այդ հարցը: