ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամները Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ դեկտեմբերի 9-ին առցանց ձևաչափով հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենի հետ:
Կարի Հենրիկսենը նշել է, որ պատրաստակամ է ուշադրությամբ ուսումնասիրել տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները` հավելելով, որ բարձրացված հարցերը պետք է հասանելի լինեն միջազգային գործընկերների և հանրության համար: Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ կարևոր է համարում ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև երկխոսությունը:
Պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մանրամասն պատմել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ագրեսիվ գործողությունների մասին: Նա շեշտել է գերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձելու անհրաժեշտությունը:
Էդուարդ Աղաջանյանը վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններից բխող պարտավորություններին Հայաստանի հավատարմությունը և շեշտել է Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Պատվիրակության ղեկավարը մասնավորապես անդրադարձել է ապաշրջափակման օրակարգին և դա բացառապես ստանձնած պարտավորությունների շրջանակում անելու անհրաժեշտությանը. տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն կողմերի ամբողջական ինքնիշխանության ներքո, պարիտետային սկզբունքով, առանց որևէ միջանցքային տրամաբանության:
Էդուարդ Աղաջանյանը կարևորել է նաև սահմանագծման և սահմանազատման օրակարգը` շեշտելով այս գործընթացի համար Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին համապատասխան միջավայր ապահովելու անհրաժեշտությունը:
Պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը շեշտել է՝ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հստակ ձևակերպի իր ակնկալիքները Հայաստանից և Ադրբեջանից` տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցում կառուցողական դիրքորոշում դրսևորելու ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ: Մարիա Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձևավորել է կառավարող մեծամասնություն, որի մանդատը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելն է: Տիկին Կարապետյանն ընդգծել է, որ սա, իհարկե, կախված է ոչ միայն Հայաստանից, այլև տարածաշրջանի այլ երկրների մտադրություններից ու գործողություններից, և Հայաստանը ստանձնել է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու պատասխանատվության իր բաժինը:
Պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները հետպատերազմական շրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, մանրակրկիտ և փաստարկված անդրադարձել է ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությանը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժմանն ու շարունակական սադրանքներին: Հռիփսիմե Գրիգորյանը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել այդ գործընթացում Ադրբեջանի վարած սաբոտաժի քաղաքականությանը և առհասարակ ռազմատենչ հռետորաբանությանը:
Պատասխանելով մշակութային ժառանգության վերաբերյալ Կարի Հենրիկսենի հարցին` տիկին Գրիգորյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների և փորձագետների անարգել ու ապահով մուտքն այն տարածքներ, որտեղ կան հայկական մշակութային կոթողներ` դրանց ներկայիս վիճակը պատշաճ գնահատելու և պահպանմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար:
Ամփոփելով հանդիպումը` տիկին Հենրիկսենը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ համանման հանդիպումից հետո երկու երկրների պատվիրակներին կներկայացնի խորհրդարանական հարթակում հետագա երկխոսությանն ուղղված առաջարկություններ: