Հայաստանն այսօր նոր ապացույցներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ: Այս մասին «Լուրեր»-ին ասել է Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Եվրադատարանը մինչև դեկտեմբերի 6-ը լրացուցիչ ժամանակ էր տվել Բաքվին՝ ներկայացնելու տեղեկություններ գերեվարված հայ զինծառայողների մասին: Ադրբեջանը դեռևս չի կատարել ՄԻԵԴ որոշումը:
«Դատարանն այդ հարցերն արագ է ծանուցում, երբ ստանում է մյուս կողմից: Հատկապես Կանոն 39-ի վերաբերող հարցերը դատարանը սովորաբար չի ձգձգում: Այս պահին չունենք որևէ նորություն Ադրբեջանի կողմից: Այնուամենայնիվ, շարունակում ենք մեր աշխատանքները չնայած դրան: Այսօր Եվրոպական դատարանին նոր ապացույցներ ենք ներկայացրել գերեվարված անձանց մասով: Սպասենք առաջիկա օրերի զարգացումներին»,- ասել է Կիրակոսյանը: