Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության շրջանակներում ռուս զինծառայողներն այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և հումանիտար այլ խնդիրների լուծման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
«Բացի հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողությունից՝ մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման վրա, ընդ որում՝ հաջողությամբ լուծվում են հումանիտար խնդիրները»,- ասել է Գերասիմովը:
Նա առանձնացրել է տեղանքի և օբյեկտների ականազերծման, ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի, զոհվածների աճյունների որոնման, հումանիտար բեռների տեղափոխման անվտանգության ապահովման և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման խնդիրները: