2021 թվականի դեկտեմբերի 9-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման» թեմային:
Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 15000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:
Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «ՀայՓոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:
Նամականիշի վրա պատկերված են «Ավրորա» մրցանակի հինգերորդ դափնեկիրներ, սոմալացի իրավապաշտպաններ մայր և դուստր Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, որոնք ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը՝ հիմնված ի հիշատակ Ֆարթունի ամուսնու և Իլվադի հոր՝ խաղաղության ակտիվիստ Էլման Ալի Ահմեդի, որը սպանվել է 1996 թ․։ Միասին նրանք պայքարում են կանանց իրավունքների պաշտպանության, խաղաղության հաստատման և զարգացման համար: Նրանք ճանաչման են արժանացել աշխարհում իրենց խիզախության և Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար: