Միջուկային գործարքին վերադառնալու շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումներն իրատեսական և կառուցողական են՝ ի տարբերություն Արևմուտքի: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Մինչ այս պահը մենք որևէ կառուցողական և հեռուն գնացող առաջարկ չենք ստացել մյուս կողմից, ինչը հակասում է բանակցություններում լուրջ մտադրությունների մասին նրանց հայտարարություններին»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Աբդոլլահիանը եվրոպական երկրների հայտարարություններն «ապակառուցողական» է որակել՝ հավելելով, որ դա բարդացնում և ձգձգում է համաձայնության հասնելու գործընթացը:
Վիեննայում այսօր վերսկսվում է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը: Այն մեկնարկել էր նոյեմբերի 29-ին: Քննարկումներին մասնակցում են Իրանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի ներկայացուցիչները: Դեկտեմբերի 3-ին բանակցությունները ընդհատվել էին: Մասնակիցները վերադարձել էին իրենց երկրներ՝ լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնելու համար: