Մեղրիի մաքսային կետում՝ հենց սահմանին, հայ-իրանական հանդիպումներ են սահմանային գործակցության բարելավման ու խորացման օրակարգով: Աշխատանքային այցով Հայաստանում է Իրանի մաքսային ծառայության ղեկավարը, հանդիպում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ:
Ռենտգեն սենյակում բեռնատարների զննման աշխատանքն է: Ռուստամ Բադասյանը հետևում է նաև Իրանից-Հայաստան տրանսպորտային միջոցների մուտքին և ապրանքների բացթողնմանը: Ի դեպ՝ Իրան-Հայաստան սահմանն ամեն օր հատում է մոտ 160 բեռնատար:
Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանն ուղեկցում են նաև մաքսային անցակետ, ներկայացնում սահմանահատման ամբողջ ընթացքը, էլեկտրոնային նոր համակարգը, որը թույլ է տալիս հետևել մաքսային հսկողության բոլոր փուլերն ու վերահսկել սահմանահատման պատշաճ իրականացումը։
Շրջայցից հետո հայ և իրանցի գործընկերները քննարկում են երկու երկրի մաքսային ընթացակարգերի պարզեցումն ու փոխադրման պայմանների բարելավումը, Նորդուզի և Մեղրիի սահմանային անցակետերի ղեկավարների անմիջական շփումներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպումների երկրորդ օրն արդեն ՊԵԿ-ում բանակցում են երկու երկրի մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջազգային փոխադրումների նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման հարցերը: Պայմանավորվում են՝ 24-ժամյա ուղիղ կապով նաև կմշակվեն մեխանիզմներ, որ դյուրացվեն մաքսային ընթացակարգերը: