Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։
Մենք բազմիցս նշել ենք, որ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումները, ներառյալ խոշտանգումները, սպանությունները և անմարդկային վերաբերմունքը, իրականացվում են համաձայն կամ ի խթանումն հայերի հիմնարար իրավունքների համակարգային և լայնածավալ ոտնահարման ադրբեջանական պետական քաղաքականության։
Անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր կերպով չի ձեռնարկել գործողություններ հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց պատժելու ուղղությամբ, ինչն ինքնին նշանակում է խրախուսել նման հանցագործությունները, այլև բացահայտ և միտումնավոր քաջալերել է հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն:
Ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների լայնածավալ և համակարգային բնույթը, ներառյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների դեմ կոպտագույն ոտնձգությունները, ինչպես նաև նման պետական քաղաքականության առկայությունը Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: