Կյանքի դժվարություններին հանդիպած երեխաներն այս սենյակում են արտահայտում հույզերը, զգացմունքները, բացահայտում սեփական կարողությունները:
Երեխաների աջակցության «Զատիկ» կենտրոն՝ շուրջօրյա 25, ցերեկային ծառայություն 100 երեխա է հաճախում: Խնամքի նման կենտրոնների նպատակն է տարբեր պատճառներով դժվարությունների հանդիպած, ընտանիքից բաժանված երեխայի վերամիավորումն ընտանիքի հետ ու նոր բաժանման կանխարգելումը:
Սիրանուշ Անտոնյան, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն - Մենք այստեղ աջակցություն ենք ցուցաբերում ֆիզիկական ,սեռական բռնության, թրաֆիքինգի ենթարկված երեխաներին, թմրանյութերից կախվածություն ունեցող ծնողների երեխաներին, տարբեր իրավախախտումներ կատարած ծնողների երեխաներին:
Կենտրոնում բժշկական, սոցիալ-հոգեբանական ծառայություններից, խնամքից բացի նաև հմտությունների զարգացման ուղղությամբ են աշխատում, շախմատի այս քարերը ևս կենտրոնի սաների ձեռքի գործն են:
Լևոն Հարությունյան. «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի կամավոր - Սա երեխաների պատկերած փիղն է, որն աչքեր չունի, երեխաներն այսպես են պատկերացնում: Ծրագիր ունենք շախմատաքարն ամբողջությամբ լրացնենք, որ հետո ձուլվեն հատուկ նյութով:
Մինչև շախմատի քարերը պղնձաձույլ կդառնան, պետությունը նոր միջոցներ է ձեռնարկում ինչպես պետական հիմնարկների, այնպես էլ պատվիրակված ծառայությունների միջոցով՝ դրամաշնորհ հայտարարելով:
Արմինե Սաղաթելյան, ՀՀ ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ - Այս տարի երեխաների հիմնահարցերի համար հայտարարել է երեք լոտերով մրցույթներ. դա երեխաների ցերեկային ծառայություններն են, որի համար տրամադրվել է 113 միլիոն դրամ, կանխարգելման ծրագրի համար տրամադրվել է 15 միլիոն դրամ և փաթեթների տրամադրման համար 31 միլիոն դրամ:
Թե՛ պետական, թե՛ պատվիրակված ցերեկային խնամքի ծառայությունների գործառույթը նույնն է, նպատակը՝ մեկը. կանխարգելել երեխայի ընտանիքից բաժանման ռիսկը: Այստեղ լիազոր մարմինն աշխատում է միաժամանակ երեխայի և ծնողների հետ, ինչը մեծացնում է ընտանիքի վերամիավորման հնարավորությունը:
Անահիտ Հովհաննիսյան, ՀՀ ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ - Պետական ցերեկային կազմակերպությունների կողմից, որտեղ 600 երեխա ծառայություն է ստանում, և պատվիրակման միջոցով ոլորտային հասարակական կազմակերպությունների կողմից, այս կազմակերպություններում ընդգրկված է միջինում 3000 երեխա տարեկան:
Երախաների խնամքի՝ պատվիրակված ծառայությունը 2020-ից է գործում մեր երկրում: Շարունակական աշխատանքի պտուղների մասին Սոցապում արդեն գոհունակությամբ են խոսում, տարեվերջի տվյալները հրապարակում:
Անահիտ Հովհաննիսյան - Կան ընտանիքներ, որոնց հետ աշխատանքն ավարտական փուլում է:
Այսինքն՝ կարողացել ենք հասնել այն արդյունքին, որ ընտանիքն ինքնուրույն կարող է արդեն կյանքի դժվարությունները հաղթահարել կամ կանխարգելել դրա ռիսկը և ստանձնել երեխայի խնամքը:
Հետևողական աշխատանքի շնորհիվ «Զատիկ» կենտրոնից այս տարի 22 երեխա է ընտանիք վերադարձել: Զույգ եղբայրները հիմա փոքրիկ ձեռքերով իրենց երազանքի տունն են կառուցում՝ կավից: Թրծվելուց հետո գուցե իրենք էլ միավորվեն ամուր տանիքի տակ: