Սոչիի բարձր մակարդակի պայմանավորվածությունները հաստատում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների պատրաստակամությունը կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ: Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Լուրերի» թղթակցի հարցին:
«Բաքվի և Երևանի հետ շփումներում աշխատում ենք դրանց հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ: Ինչպես և կողմերը պայմանավորվել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը Սոչիում, կարևոր է հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը՝ կողմերի խնդրանքով Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Մենք ակնկալում ենք նաև, որ շուտով կձևավորվեն հանձնաժողովի կազմում երկու երկրների ազգային պատվիրակությունները»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ջանքերը նույնպես շարունակվում են:
«Սոչիի պայմանավորվածությունների իրագործման հարցը քննարկվել է դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: