Կառավարությունը բավարարել է «Շարոսոլար» ՍՊԸ-ի հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ներմուծվող սարքավորումներով ընկերությունը նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում կառուցել և շահագործել «Շարոսոլար 1»՝ 4810 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան, որտեղ օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ երկերեսանի արևային վահանակներ և արևային վահանակներ կրող կոնստրուկցիաներ: Արտադրված էլեկտրաէներգիան վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Առկա են նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված Էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիան՝ մինչև 2041 թ. դեկտեմբերի 25-ը գործողության ժամկետով: Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը կազմելու է 10.5 մլն կՎտ/ժ յուրաքանչյուրը: Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.8 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են՝ հողի ձեռքբերում՝ 17 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 350 մլն դրամ։ Ներդրումների շուրջ 1.5 մլրդ դրամն արդեն իսկ իրականացվել է։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակներում 1 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 160000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 69.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5.5 մլն դրամ:
Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Մագնակ սոլար» ՍՊԸ-ն: Ներմուծվող սարքավորումները նախատեսված են «Արև-1» և «Արև-2» յուրաքանչյուրը 5000 կՎտ տեղակայվող հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու համար: Կայաններում տեղադրվելու են եվրոպական ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ: Կայանները կառուցվելու և շահագործվելու են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք և Շողակաթ գյուղերում: Արտադրված էլեկտրաէներգիան վաճառվելու է ՀԷՑ-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Առկա են նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված Էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիաներ՝ մինչև 2042 թ. ապրիլի 2-ը գործողության ժամկետով: Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը կազմելու է 10.5 մլն կՎտ/ժ յուրաքանչյուրը: Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 3.6 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 30 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 2.9 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 700 մլն դրամ։ Ներդրումների մոտ 3 մլրդ դրամն արդեն իսկ կատարված է, այդ թվում ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 635 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 61 մլն դրամ:
Գործադիրը թույլատրել է մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվել նաև «Արևի սքինքեր» ՓԲԸ-ին: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության համար: Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին՝ Արմավիրի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրում՝ կապիտալ և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ` մինչև 433000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ՌԴ, ԵՄ և այլ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.3 մլն դրամ: