Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թ. բյուջեում և 2 մլրդ 826 մլն դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհների կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ խոսքը 4 ծրագրի մասին է՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհը՝ Ասիական զարգացման բանկով, «Տրանշ-3»-ը՝ Եվրոպական ներդրումային բանկով՝ «Տրանշ-3»-ի մյուս հատվածը, և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ծրագրերը:
Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր դեպքում, համապատասխանաբար, 530 մլն, 886 մլն, 610 մլն և 800 մլն դրամ է անհրաժեշտ:
«Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհը 51.7 կմ է, նախատեսված էր ավարտել նոյեմբեր ամսին: Մեզ այդ հատվածում մնացել են 4 կմ ասֆալտապատման աշխատանքներ, եթե եղանակային պայմանները թույլ տան՝ կավարտենք»,- ասաց Սանոսյանը՝ նշելով, որ այս ընթացքում երեք հատվածներում լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու կարիք է առաջացել:
«Այս աշխատանքների համար ծրագրի ժամկետը երկարացնում ենք մինչև 2022 թվականի հունիսի 15-ը, որպեսզի այդ երեք հատվածքների աշխատանքները ավարտվեն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է «Տրանշ-3»-ի երկու հատվածներին, այս տարի տարվա սկզբում նախատեսված էր 20 կմ ասֆալտապատել, տարվա ընթացքում փոխվել է՝ դարձել է 30 կմ: «Բայց մեզ հաջողվել է այս տարի ասֆալտապատել 50 կմ, և այս լրացուցիչ գումարները վերաբաշխելու կարիք կա: Մենք արդյունքում ունեցանք, որ Թալինից մինչև Գյումրի մեկ կողմն ամբողջովին բացված է, ընդ որում՝ և՛ Թալին, և՛ Մարալիկ համայնքները շրջանցող, առանց այդ համայնքներ մուտք գործելու կարող ենք հասնել Գյումրի»,- ասաց նախարարը:
Գնել Սանոսյանի խոսքով՝ կենսական նշանակության 12 ծրագրերից 10-ն ավարտված են: 67 կմ-ից ընդհանուր առմամբ 55-ն ավարտվել է. միայն մեկ ծրագիր կա, որը հաջորդ տարի կավարտվի, և մյուսում որոշակի աշխատանքներ կան անելու: