Այսօր Եվրոպական միությունը, Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ ) հետ ստորագրել են Մասնակցության մասին համաձայնագիր` Հայաստանում ՄԱԱԶԿ-ի հետ իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում 4 մլն եվրո ներդրում կատարելու վերաբերյալ։
«Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանում կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների։ Սննդամթերքի անվտանգության և առողջապահության ոլորտների կատարելագործումը, կլիմայի փոփոխության մեղմացումը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը որակի ենթակառուցվածքի օգուտներից են: Առևտրի բարելավված մրցունակությունը և այդ ուղղությամբ առաջարկվող օգուտների արդյունավետ օգտագործումը մեզ թույլ կտան ավելի համապատասխանել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոգուն»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը։
Այս գործողությունը համապատասխանում է ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության կողմից «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) դրույթներով ստանձնած պարտավորություններին, այն արդյունքում կհանգեցնի առևտրի մրցունակության բարելավմանը և ՀԸԳՀ-ի նախատեսված օգտակար դրույթների բովանդակալից իրականացմանը: Ծրագիրը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» ինստիտուցիոնալ հզորացման, միջազգային առաջարկություններին և լավագույն փորձին համապատասխան, իրավական, կարգավորող և կառավարման համակարգի բարելավման միջոցով կօժանդակի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը, միջազգային և տարածաշրջանային չափագիտության ոլորտում Հայաստանի մասնակցության ակտիվացմանը, ինչպես նաև «Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի» (EURAMET) հետ փոխգործակցությանը։ Ծրագիրը կօգնի ստեղծել տրամաչափարկման չորս լաբորատորիա՝ չափման ստանդարտների, չափիչ գործիքների, չափումների և տրամաչափարկման կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման, տեղադրման և գործարկման միջոցով, ինչպես նաև նախապատրաստել լաբորատորիանների միջազգային հավատարմագրման գործընթացը: Այս ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտության ծառայություններ: Գործողության իրականացման արդյունքում Հայաստանը կարող է հմտորեն օգտվել ՀԸԳՀ-ի առավելություններից, բարելավել Հայաստանում արտադրված արտադրանքի որակը և ապահովել Հայաստանի փորձարկման լաբորատորիաների կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միջազգայնորեն ճանաչումը, ինչն ի վերջո թույլ կտա ավելացնել ԵՄ-ի և այլ արտաքին շուկաների հետ առևտրի ծավալները։
Որակի ենթակառուցվածքի (ՈԵ) առաքելությունը չի սահմանափակվում միայն առևտրի ոլորտով։ Կայուն որակի ենթակառուցվածքը խթան է հանդիսանում նաև այլ բնագավառների, ներառյալ՝ սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջապահության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի համար: Եվրոպական միությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի կողքին է և ամրապնդում է Հայաստանի կառավարության կողմից կառուցվածքային բարեփոխումներ պլանավորելու և իրականացնելու համար անհրաժեշտ ռազմավարական և տեխնիկական կարողությունները։